Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Հայաստանի միջպետական ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի 28-ը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ. կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ. միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։

Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։ 

Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ