Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Թուրքիան Գերմանիայի հետ խոսել է նախապայմանների լեզվով


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ պաշտոնական Անկարան նախապայման է դրել իրենց առջև պատգամավորներին Ինջիրլիքի ռազմաբազա մուտք գործելու թույլտվություն տալու համար: Ըստ նախարարի՝ թուրքական կողմը ասել է, որ թույլ կտա պատգամավորներին այցելել Ինջիրլիք, եթե պաշտոնական Բեռլինը հետ ուղարկի իրենցից ապաստան խնդրած Թուրքիայի 450  քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրին անդրադարձած Գաբրիելը հայտնել է, որ մինչև հիմա իրենք ստացել են ապաստան ստանալու 450 դիմում, որոնցից 80-ը բավարարվել է: «Այժմ թուրքական կառավարությունն այդ մարդկանց բանտարկելու համար ցանկանում է, որ մենք նրանց տանք Թուրքիային: Սա մի իրավիճակ է, երբ ՆԱՏՕ-ի գործընկերը շանտաժի է ենթարկում մյուս գործընկերոջը: Դա բացառվում է»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Անդրադառնալով թուրքական կողմի նախապայմանին՝ Գաբրիելը հայտնել է, որ դա դեմ է իրենց օրենքներին ու սահմանադրությանը:

Արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին, որում թուրք գործիչն ասել էր. «Եթե Գերմանիան ցանկանում է Ինջիրլիքից հետ քաշվել, իրենք գիտեն, չենք աղաչելու նրանց»: «Ես զանգահարեցի գործընկերոջս՝ Մևլութ Չավուշօղլուին, ասացի՝ լուծենք խնդիրը և ինչ ափսոս, որ պատասխանը իր հայտարարության նման եղավ»,- ասել է նա:

Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվում է մոտ 260 գերմանացի զինվոր:

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Նախորդ տարի ևս թուրքական կողմն արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին: Այդ անգամ պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ