Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ առաջին անգամ կցուցադրվի Վանից բերված սափորը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թանգարանների միջազգային օրը առաջին անգամ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ցուցադրվում է Վանից բերված Ք. ա. 8-7-րդ դարերով թվագրվող, թանգարանի ֆոնդերում պահվող սափորը, որը հանձնվել է թանգարանին 2014 թվականին։ Թանգարանների միջազգային օրը նշվեց «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էրեբունի» թանգարանը Թանգարանների միջազգային օրվան միանում է նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով։ 

Պատմահնագիտական արգելոց-թանգարանն օրվա խորհրդին համահունչ կներկայացնի կորուսյալ Վան մայրաքաղաքին և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք հայտնի են գիտական շրջանակներում։ 
Միքայել Բադալյանը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» թանգարանում կազմակերպել էր Վան մայրաքաղաքի վերաբերյալ ցուցահանդես։ 

«Շատ է կարևորվում Վանի՝ Հայոց առաջին մայրաքաղաքի դերն ու նշանակությունը։ Վանը մեր հայոց պատմության կարևորագույն քաղաքներից է եղել։ Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է Տուշպա ձևով ուրարտացիների կողմից։ Ցուցադրվող պաստառներում անդրադարձ է կատարված Վան քաղաքի պատմությանը նախապատմական, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանում։ Ցուցադրվող նյութերը այցելուներին կպատմեն Վան-Տուշպայի հիմնադրման, Տուշպայի ուրարտական ժայռափոր դամբարանների, նշանավոր արձանագրությունների, Մհերի Դուռ, Գանձադուռ և այլ կառույցների մասին»,- նշեց Բադալյանը։ 

Նա ներկայացնում էր նաև հետուրարտական ժամանակաշրջանի Վանը՝ մի ժամանակահատված, երբ ստեղծվեց Երվանդունիների հայկական թագավորությունը։ 

«Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը մի կարևոր բան առանձնացրեց՝ ասելով, որ այն ցուցահանդեսները, որոնք կազմակերպվում են իրենց թանգարանում, լինում են նաև պաստառների վրա և ինֆորմացիոն բնույթի։ 
«Մեր ցուցադրությունները, միշտ մարդկանց տալիս են գիտական, հանրամատչելի տեղեկատվություն։ Մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը, որ այցելուներին տրամադրենք ոչ թե ուղղակի համր նկարներ, այլև միաժամանակ ինֆորմացիա ստանան նկարների վերաբերյալ»,- ասաց Գյուրջյանը։ 

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ