Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Փետրվար

Հայաստանի ողջ տարածքով ամբողջ տարի շրջելու են շարժական կինոթատրոններ

Հայաստանի ողջ տարածքով ամբողջ տարի շրջելու են շարժական կինոթատրոններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չորս հսկայական էկրաններ մեկ շաբաթից կուղևորվեն Հայաստանի տարբեր մարզեր, և տարվա ընթացքում կկազմակերպվի 200-ից ավելի կինոդիտում։  
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժական կինոթատրոնների շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էռլունի մասնակցությամբ։ 
Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարժական կինոթատրոնների գաղափարը ծնունդ է տվել մեկ այլ հետաքրքիր գաղափարի։ 
«Այս կինոթատրոնները բառացիորեն հաջորդ շաբաթվանից կլինեն Հայաստանի տարբեր մարզերում։ Տարվա ընթացքում՝ ելնելով եղանակային պայմաններից, ամբողջ հանրապետությունում կցուցադրվեն 200-ից ավելի ֆիլմեր։ Մեզ մոտ այս ընթացքում ևս մեկ գաղափար է ի հայտ եկել՝ հաշվառել ենք Հայաստանում առկա դահլիճները, որոնք շուրջ 90-նն են։ Փորձելու ենք միացնել դրանք իրար և կառուցել դահլիճներում հանրապետական միասնական կինոցանց, ապահովել դիստրիբյուտորական ֆիլմեր։ Այսպիսով, կփորձենք հասկանալ, թե որքան մարդ է այցելում և որքան դրամաշրջանառություն է լինում։ Անշուշտ, հետո մասնավորին առաջարկելու ենք ավելի խոշոր ներդրումներ անել»,- նշեց Ամիրյանը։ 
Մինչ այդ խոշոր ծրագրի իրականացումը՝ հանրապետության գյուղերում, մարզկենտրոններում և այլ խոշոր քաղաքներում այս կինոթատրոններում կցուցադրվեն մեծ մասսայականություն վայելող հայկական և չինական ֆիլմեր։ 
Արմեն Ամիրյանի խոսքով` Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվեն մոտ 700 մշակութային միջոցառումներ։ 
ՉԺՀ դեսպանն էլ իր հերթին ընդգծեց, որ հայ-չինական հարաբերություններն ու մշակութային ոլորտում համագործակցությունը երկու հանրապետությունների համար էլ առաջնային դեր ունեն։ 
«Հայաստանն էլ, Չինաստանն էլ շատ խոր մշակութային ավանդույթներ ունեն, և, իհարկե, տրամաբանական է, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունն առաջնային ոլորտներից է։ Ես ուրախ եմ, որ որոշ չինական ֆիլմեր ցուցադրվելու են այս կինոսարքավորումներով»,- նշեց Թիան Էռլունը։  
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հետ մարտ ամսին ստորագրված հուշագրի` Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն։ Դրանք կընդգրկվեն Հայաստանի մարզերում անցկացվող ծրագրերում։ Մարզային ցուցադրություններին կաջակցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը։ Ե՛վ 200-ից ավելի կինոցուցադրությունների ավտոմեքենաների ամբողջ ճանապարհածախսը, և՛ օրապահիկի, և՛ մարդկանց սպասարկման ծախսերը հոգալու է տվյալ հիմնադրամը։ 
Այս կինոցուցադրությունները լինելու են անվճար։  






https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ