Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքական հաշվեհարդար Սպիտակ տնից երկու մղոն հեռու

Թուրքական հաշվեհարդար Սպիտակ տնից երկու մղոն հեռու

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտասահմանյան այցերի ընթացքում առանձնանում են երկու անբաժան ուղեկիցներ: Դրանցից մեկը Թուրքիայի միահեծան ղեկավարի թիկնազորն է, մյուսն՝ այդ միահեծանությունից ու դրա քաղաքական հետևանքներից օբյեկտիվորեն դժգոհ մարդկանց բողոքի ցույցերը: Տարիների ընթացքում երբևէ բարեկրթությամբ աչքի չընկած Էրդողանի թիկապահների և Թուրքիայի ավտոկրատ առաջնորդի մյուս ուղեկցի՝ բողոքի ակցիաների մասնակիցների միջև ձևավորվել էր յուրատեսակ ստատուս քվո:

Ժամեր առաջ ԱՄՆ մայրաքաղաքում` Սպիտակ տնից երկու մղոն հեռավորության վրա, այդ հավասարակշռությունը խախտվեց վերջնականորեն: Իհարկե, մինչ այդ էլ, թուրքական պահակազորը վաստակել էր տխրահռչակ համբավ, թե նույն ԱՄՆ-ում, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելով աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորության ընթացքում ամերիկյան Գաղտնի ծառայության հետ բախվելով, թե Միջուկային գագաթնաժողովի ժամանակ իրենց «բարեվարքությամբ», ինչի պատճառով հեղինակավոր Brookings հաստատությունը վերջին պահին չեղարկել էր Էրդողանի ելույթը:

Այս ամենի համատեքստում խամրում է անգամ այն պատմությունը, որ Էրդողանի պահակների տասը հոգանոց շքախումբը հսկում էր Թուրքիայի առաջնորդի տիկնոջ՝ Վարշավայի խանութներում իրականացրած մինի առևտրական արշավը, որ Լեհաստանի դրամաշրջանառությունն ավելացրել էր շուրջ երկու հարյուր հազար զլոտիով:

Այսօր էլ Էրդողանի անվտանգության թիմն արեց ամեն ինչ, որ Թուրքիան կրկին հայտնվի միջազգային լրատվամիջոցների էջերում: Բայց այս հայտնությունն արդեն չի առաջացնում այն անմեղ ժպիտն, ինչին արժանի է թուրքական առաջին տիկնոջ շոփինգի ուղեկցի կարգավիճակը…

Արդեն երեկ հայտնի էր, որ Էրդողանի այցի դեմ բողոքի գործողություն են իրականացնելու Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը վիճարկող կազմակերպությունները, այդ թվում և Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, որի տարածած հայտարարությունում ասվում էր. «Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»: Այս հայտարարությունը հիմա, կարծես ժամանակավրեպ է հնչում, այն պատճառով, որ քաղաքական ճնշումից բացի, ԱՄՆ-ում թուրքերն անցան ֆիզիկական ճնշման՝ ակնհայտորեն հատուկ պատրաստություն անցած գրոհայիններին նետելով խաղաղ ցուցարարների դեմ:

Իրականության հետ կապը կորցնող Էրդողանը նոր ուղերձ հղեց բոլորին՝ ակնարկելով, որ իրենից դժգոհողների դեմ տեռորն ու ահաբեկումն այլևս չի սահմանափակվելու միայն Թուրքիայով: Իսկ դա արդեն քողարկված վախերի և ծայրահեղ նյարդայնացման դրսևորում է: Փաստորեն, թիկնազորը իր ղեկավարի անհավասարակշիռ վարքագծի հայելին է:

Հիմա արդեն թուրքական լրատվամիջոցները փորձում են փոքրիշատե տրամաբանված բացատրություններ փնտրել որևէ արդարացում չունեցող գործողությանը՝ առանձնակի դաժանությամբ երեք տասնյակից քիչ ավելի մարդկանց, մասնավորապես տարեց ցուցարարների նկատմամբ իրականացված հաշվեհարդարին, ինչի արդյունքում ինը մարդ հայտնվել է հիվանդանոցում:

Եվ այժմ անգամ կարևոր չէ, որ այս լկտի հարձակման անուղղակի թիրախը դարձան նաև հյուրընկալող երկրի իրավապահները, որոնք, մեղմ ասած, հայտնվեցին անհարմար վիճակում: Անհնար է հասկանալ, թե ինչպես է մի խումբ անպաշտպան մարդկանց վրա հարձակվող կամ հարձակման հրաման տվողների ուղեղներում ծնվել այդ դիվային գաղափարը, սակայն պարզ է, որ համացանցը ողողած և ակնհայտ բավականությամբ մարդ ծեծելու տեսանյութերը փաստում են այն, ինչի դեմ արդարացիորեն բողոքում էր ԱՄՆ հարկատուների խումբը, որը հավաքվել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև՝ Սպիտակ տնից երկու մղոն հեռավորության վրա:

Արամ Անանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]