Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արաբագետները կարևոր նշանակություն են տալիս Կատարի Պետություն ՀՀ Նախագահի այցին

Արաբագետները կարևոր նշանակություն են տալիս Կատարի Պետություն ՀՀ Նախագահի 
այցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետները կարևորում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կատարի Պետություն` ընդգծելով, որ Պարսից ծոցի և ընդհանրապես արաբական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի հետ տնտեսական և քաղաքական կապերի խորացումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այդ այցը պետք է դիտարկել երկու հարթություններում: Առաջինը` Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է արաբական երկրների հետ հարաբերությունների սերտացումը, երկրորդը` այցը շատ կարևոր նշանակություն ունի հայկական սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման տեսանկյունից: Արմեն Պետրոսյանը կարևոր նշանակություն է տալիս նաև Կատարի Պետության հետ տնտեսական կապերի խորացմանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերությունները, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների հետ, ինչի ականատեսը մենք լինում ենք: Առնվազն երկու ամիսների ընթացքում Հայաստանի Նախագահի երկու այց եղավ այս տարածաշրջան: Եթե չեմ սխալվում, մարտին Նախագահն այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, հիմա էլ Կատարի Պետություն: Սա շատ կարևոր է, քանի որ այս երկրները և քաղաքական, և տնտեսական առումով շատ մեծ ազդեցություն ունեն ողջ տարածաշրջանում ու ընդհանրապես արաբական աշխարհում: Քաղաքական տեսանկյունից կարևոր է արաբական երկրների հետ կապերի ակտիվացումը` հաշվի առնելով այդ երկրների ազդեցությունը իսլամական աշխարհում: Տնտեսական տեսանկյունից այս այցը ևս կարևոր է, քանի որ այդ երկրները բավականին զարգացած տնտեսություն, բավականին մեծ կապիտալ ունեն տարածաշրջանային ծրագրերի տեսքով և ակտիվ համագործակցության պարագայում հնարավոր է նաև այդ ծրագրերը բերել Հայաստան: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին  Հայաստանը բավական աշխույժ դերակատարություն է իրականացնում Մերձավոր Արևելքը ԵԱՏՄ անդամ երկրների և Եվրոպայի հետ կապելու ուղղությամբ և այս հարցում լուրջ քայլեր է իրականացնում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա անդրադարձավ նաև Կատարի հայկական համայնքի հնարավորություններին: Արաբագետի խոսքով` Պարսից ծոցի երկրներում հայկական համայնքները համեմատաբար նոր համայնքներ են և հիմնականում ձևավորվել են արաբական երկրներում հայկական սփյուռքի տեղաշարժերի արդյունքում: «Այդ համայնքները բավական կայացած համայնքներ են մասնագիտական առումով: Այստեղ կան առանձին ոլորտների համաշխարհային նշանակության մասնագետներ և այս առումով համայնքի հետ կապերի ակտիվացումը շատ կարևոր է այդ մասնագետների հնարավորությունները ի նպաստ Հայաստանի զարգացման օգտագործելու տեսանկյունից»,- եզրափակեց Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նույնպես մեծ կարևորություն է տալիս ՀՀ Նախագահի` Կատարի Պետություն կատարած այցին` շեշտելով Կատարի դերակատարումը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաև ազդեցությունը արաբական և ընդհանրապես իսլամական աշխարհում: «Կատարն այն երկիրն է, որի հետ սերտ տնտեսական և քաղաքական հարաբերությունների հաստատումը շատ կարևոր նշանակություն ունի: Կատարի հետ հարաբերությունների ակտիվացումը Հայաստանին հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացնել և հասկանալ Մերձավոր Արևելքի և ընդհանրապես արաբական աշխարհի խնդիրները ու ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Սարգիս Գրիգորյանը ողջունելի է համարում արաբական աշխարհի երկրների հետ կապերը սերտացնելուն միտված քայլերը ՀՀ իշխանությունների կողմից` ընդգծելով, որ հայ ժողովրդին և արաբական աշխարհի միջև պատմամշակութային անխզելի կապ կա և պետք է այն ավելի ամրապնդել: «Պարզ է, որ արաբական աշխարհի առանցքային պետությունների հետ մենք պետք է ակտիվացնենք հարաբերությունները: Բացի դրանից` արաբական աշխարհը մեզ մոտ է, այնտեղ բավականին լուրջ գործընթացներ են լինում, որտեղ մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը` որպես տարածաշրջանային երկիր: Ընդհանրապես ակտիվ պետք է լինենք այդ գործընթացներում: Մենք արաբական աշխարհում ունենք մեր հետաքրքրությունները. ունենք համայնք, ունենք պատմամշակութային ժառանություն արաբական երկրներում, դիվանագիտական ներկայացուցչություններ և այդ ամենը պետք էր գործի դնել տարածաշրջանային ակտիվ գործընթացների ֆոնին, ինչը Հայաստանը վերջին տարիներին իրականացնում է»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 14-ին պաշտոնական այց է կատարել Կատարի Պետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել  «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, այլ պաշտոնատար անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]