1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոր գիրք» 3/33. «Տուր ձեռքդ, պստլո», «Ես այնժամ, դեռ մահամերձ», «Քամին Աստվածամոր» և ուրիշ լավ գործեր

«Նոր գիրք» 3/33. «Տուր ձեռքդ, պստլո», «Ես այնժամ, դեռ մահամերձ», «Քամին 
Աստվածամոր» և ուրիշ լավ գործեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում ներկայացվում է բուն իրականությունը և ցանկալի իրականությունը ու երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

 Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է: Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է: Հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Վեպն անգլերենից թարգմանել է Սիրարփի Ենգիբարյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:

 Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր»  ժողովածուն հայ գրականության և հայ ընթերցողի առջև բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր ու չափազանց գրավիչ աշխարհը: Գիրքն աչքի է ընկնում Անտիկ մշակույթից ժառանգված էպիկականությամբ, բյուզանդական հիմներգային բանաստեղծության խոնարհ-քնարականությամբ ու 20-րդ դարի եվրոպական պոեզիայի համարձակությամբ: Հեղինակը հույն նորագույն գրականության ամենանշանավոր դեմքերից է, 1979 թվականի նոբելյան մրցանակի դափնեկիր:

Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Թարգմանությունը հունարենից կատարել է Շուշան Կարապետյանը, խմբագրել` Հայկ Համբարձումյանը:

  Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում Ամերիկայում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Այն ռուսերենից թարգմանել է Լեռնիկ Դալլաքյանը,  խմբագրել Զավեն Բոյաջյանը:

 Համո Սահյանի «Ընտրանի» գրքում զետեղված են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից ընտրված լավագույն ստեղծագործությունները:

 Անի Էռնոյի «Տեղը» վիպակը ֆրանսերենից թարգմանել և վերջաբանը գրել է Շուշանիկ Թամրազյանը: Անի Էռնոն բազմաթիվ գրական մրցանակների է արժանացել: Նա իր դեբյուտը կատարել է 1974 թվականին` հանրությանը ներկայացնելով «Դատարկ պահարաններ» ստեղծագործությունը, որը նրան մեծ ճանաչում է բերել:

 Հայ մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» վեպը ներկայացնում է 20-րդ դարի պոլսահայերի կյանքը, կենցաղը: Հեղինակը նկարագրել է իշխող և մեծահարուստ խավի կանանց քմահաճույքները,  ընտանեկան և բարոյական հարցերն ու սովորությունները:XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի լավագույն երկերից մեկի` «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957) գործողությունները ծավալվում են XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները: Իտալերենից թարգմանել է Հասմիկ Եղիազարյանը, խմբագրել` Զավեն Բոյաջյանը:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]