Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հետընտրական լուրջ զարգացումներ չեն լինի, հասարակությունը դուրս չի գա փողոց. քաղաքագետ

Հետընտրական լուրջ զարգացումներ չեն լինի, հասարակությունը դուրս չի գա փողոց. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու ընտրություններից հետո հետընտրական լուրջ զարգացումներ չեն լինի: Հասարակությունը դուրս չի գա փողոց: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Եթե կա դժգոհության ավելացում, ապա բողոքի ակցիաներ կլինեն, եթե դա չկա, ապա հավանականությունը, թե բողոքի ակցիաներով ինչ-որ բանի հնարավոր է հասնել, նվազում է: Դժգոհությունն այն դեպքում է, երբ մարդիկ հասկանում են, որ իրենց խաբել են: Ասենք, ես քվեարկել եմ ինչ-որ մեկի օգտին, բայց իմ ձայնը գողացել են, իմ փոխարեն քվեարկել են, քվեարկել են նաև մահացածներ: Հիմա այդ զգացողությունը չկա, ոչ ոք չի խոսում նման խախտումների մասին: Հիմա նյութական շահի մասին են խոսում: Այդ դեպքում ո՞վ պետք է դուրս գա բողոքի, քաղաքացին համաձայնել է իր բակը ասֆալտապատել կամ գումար է վերցրել ու գնացել քվեարկել, գնա դուրս ո՞ւմ բողոքի, ինչի՞ համար բողոքի»,-ասաց նա:

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է 2016թ. հուլիսի դեպքը, երբ զինված անձինք գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, կրկնվի, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի բացառվում, և դրա համար մեծ զանգվածներ պետք չեն: Նրա խոսքով, հնարավոր է լինեն զգացմունքային մարդիկ, ովքեր այդ ճանապարհով կփորձեն խնդիր լուծել: Որպեսզի նման դեպքերը կանխվեն, քաղաքագետի կարծիքով, անհրաժեշտ է լուրջ աշխատանք սոցիալական մակարդակում, անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ:

«Դա հնարավոր է արվի, սակայն դրանք այն խնդիրներն են, որոնց լուծումները մեկ օրում չի արվում: Դրա համար տարիներ են անհրաժեշտ: Ի դեպ, ճիշտ չէ, որ փոփոխություններ տեղի չեն ունենում: Նայեք քաղաքական էլիտային, այն բավական վերափոխվել է: Այն դեմքերը, որոնց տեսնում էինք երկու տարի առաջ, այսօր չկան: Նոր դեմքեր են առաջ քաշվել` առավել երիտասարդ, կրթված»,-ասաց նա:

Քաղաքագետ նկատեց, որ լարվածության թուլացման գործում վարչապետի գործոնը մեծ է: Կարեն Կարապետյանի կերպարը հանգեցրեց նրան, որ առաջին անգամ որոշ մարդկանց մոտ ինչ-որ բան փոխելու հույս է առաջացել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]