Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթեց Պորտուգալիան


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2017» երգի հեղինակավոր մրցույթում 758 միավորով հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը Amar pelos dais մեղեդային և հուզիչ երգով:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ հորիզոնականում հայտնվեց Բուլղարիան, իսկ երրորդ տեղում՝ Մոլդովան:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը իր Fly with me երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ վաստակելով 79 միավոր:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Պորտուգալիային:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը:

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում ելույթ ունեցավ 05 համարի ներքո՝ ներկայացնելով «Fly with me» երգը, որի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են:  Նրա ելույթի ժամանակ էկրանին  ցուցադրվեցին  հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերներ` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում էին երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրում էին հայկական արծաթյա զարդեր: Մեր երգչուհուն ձայնակցում էին երեք բեք վոկալիստներ: Մրցույթի վերջնական հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթն այս տարի անցկացվեց «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին մասնակցեց 42 երկիր:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ