Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ. Վիգեն Սարգսյանն ուղերձ է հղել զինծառայողներին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղերձ է հղել զինծառայողներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ:

«Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:
Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:
Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:
Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:
Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:
Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանա¬տուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:
Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:
Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ: 
Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:
Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:
Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:
Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:
Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:
Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:
Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակից¬ներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:
Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:
Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:
Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:
Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:
Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա: 
Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:
Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Բարի ծառայություն բոլորիդ»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ