Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը տնտեսում կունենա վերականգնվող էներգիայի շնորհիվ

Գյումրու «Երեխաների տուն»  մանկատունը տնտեսում կունենա վերականգնվող 
էներգիայի շնորհիվ

 

ԳՅՈՒՄՐԻ, 13  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Երեխաների տուն»  մանկատունն այսուհետ տնտեսում կունենա վերականգնվող էներգիայի շնորհիվ:
Մայիսի 13-ին Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազդարարվեց «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության շնորհիվ  Երեխաների տանը ներդրվել են մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող «Արփի Սոլար» արևային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով` տարեկան խնայելով ավելի քան 4 միլիոն դրամ։  Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  կողմից` «Ֆիլիպ Մորիս»  ընկերության ֆինանսավորմամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի ու «Արփի Սոլար» արևային էներգիայի համակարգերի ընկերության հետ համագործակցությամբ։ Այն կշարունակվի Գյումրիում ևս 5 սոցիալական-կրթական ու մշակութային հաստատություններում արևային համակարգերի ներդրմամբ: 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանով Շիրակի մարզն առաջինն է միանում արևային շարժմանը՝ «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնիկական կրթության զարգացման գործիք» ծրագրի միջոցով։ Սակայն «Արփի Սոլար»-ը շարունակելու է մեկնարկած արևային շարժմանը ներգրավել Հայաստանի մյուս մարզերը ևս՝ ինտենսիվ օգտագործելով երկրի հսկայական արևային պոտենցիալը և զարկ տալով անկախ էներգակայուն համակարգի ձևավորմանն ու զարգացմանը. վստահեցնում են «Արփի Սոլար»-ի պատասխանատուները։ Ծրագիրը նպատակ ունի արևային էներգիայի միջոցով կրճատելու հաստատության էներգետիկ ծախսերն ու խնայած գումարը ներդնելու կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:
««Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագրի և Արևային համակարգերի շնորհիվ մանկատունը կապահովվի անվճար տաք ջրով ու էլեկտրաէներգիայով՝ 6000լ/օր ծավալով արևային ջրատաքացման անջատ-հորիզոնական համակարգերի և 25,44 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի միջոցով։ Մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող արևային համակարգերը տարեկան կխնայեն ավելի քան 4 միլիոն դրամ»,- ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի  տնօրեն Հասմիկ Բարսեղյանը: 
Ինչպես տեղեկացրեց  Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն   Աննա Գևորգյանը՝  հաստատությունը տնտեսած գումարը  կներդնի կրթական ու վերականգնողական ծրագրերի մեջ։ Ի դեպ, մանկատունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկատուն է, որը զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած, ծանր սահմանափակ կարողություններ ունեցող մինչև ութ տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքով։ Այժմ մանկատան խնամքի տակ է գտնվում 0-8  տարեկան առանց ծնողական խնամքի 125 երեխա՝ տարբեր մարզերից։ Այստեղ իրականացվում են սահմանափակ կարողություններով երեխաների հետ դաստիարակչական, կրթական, սոցիալ-հոգեբանական և շտկողական աշխատանքներ, վերականգնողական բուժում և այլն: «Այս ծրագրի շնորհիվ կունենանք տաք ջրամատակարարում ու էներգիա, ինչը բավական ծախսատար էր, իսկ հիմա արդեն տնտեսում կունենանք, որը կուղղենք այլ նպատակի»,-նշեց Աննա Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով այն բոլոր կազմակերպություններին, որոնց շնորհիվ ծրագիրը կյանքի է կոչվել: 
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]