1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի տեքստն ամբողջությամբ

 ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի տեքստն ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

 

***

Երևան, 11 մայիսի 2017թ.

ՀՈՒՇԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

- վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,

- հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,

- համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,

- կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,

- առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը, 

- նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝ 

ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:

1. Համագործակցության ռազմավարական նպատակները

1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:

1.2. Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն:

1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:

1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:

1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:

1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը: 

2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները


2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը:

2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ:

2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը: 

2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:

2.5. Ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:

2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

3. Քաղաքական կոալիցիայի գործունեության և կազմակերպման կարգը

3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:

3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջև բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:

3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:

3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.

3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ:
Համախոհություն չձևավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում:

3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձևավորվել նաև մարզային խորհուրդներ:

3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:

3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

 

Հայաստանի Հանրապետական
կուսակցության նախագահի
տեղակալ

Արմեն Աշոտյան

 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Աղվան Վարդանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]