Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր ջազմեն Հարրի Դավիդյանին

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր 
ջազմեն Հարրի Դավիդյանին

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթն իր շաբաթավերջյան համարում (Adevărul, 5-7 mai 2017)  երեք ամբողջական էջ է նվիրել ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանին՝ զետեղելով ծավալուն հարցազրույց, արտիստի մասին կենսագրական տեղեկություններ եւ լուսանկարներ: «Ադեվարուլի» թղթակից Կոսմին Զամֆիրակեն (Cosmin Zamfirache) արտիստին հանդիպել է ապրիլի 22-ին Բոտոշանում, ուր նա տեղի հայկական համայնքի հրավերով բացառիկ համերգ էր տվել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրյակին: 

«Երբ խոսում ենք Ռումինիայում ջազի մասին, անհնար է շրջանցել Հարրի Դավիդյանի անունը»,- գրում է թերթը:              

Հարրի Դավիդյանը ծնվել է 1952թ. Ռումինիայի ծովափնյա Կոնստանցա քաղաքում, հայկական ընտանիքում, եւ համարվում է Ռումինիայի ժամանակակից ջազ-երաժշտության առանցքային դեմքերից մեկը: Դաշնամուրի առաջին դասերն առել է 6 տարեկան հասակում, ութ տարի սովորել Կոնստանցայի երաժշտական դպրոցում, այնուհետեւ ավարտել Բուխարեստի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: 17 տարեկանում հրապուրվել է ջազով` առաջին անգամ ջազային մի փառատոնում լսելով Մեմֆիս Սլիմին: Դրանից հետո թողել է դասական դաշնամուրը եւ ամբողջովին նվիրվել ջազին: Առաջին անգամ ջազային կատարումներով հանդես է եկել 1974թ. Սիբիուի փառատոնին: Արագորեն ձեռք բերելով լայն ճանաչում` նվագել է ռումինական ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ եւ թողարկել բազմաթիվ ալբոմներ, այդ թվում՝ Անգլիայում, Հունաստանում, Բուլղարիայում:

«Կոմունիստական ռեժիմի օրոք երաժշտության միջոցով էինք պահպանում ներքին ազատության ոգին»,- ասում է արտիստը, որն իր իսկ խոստովանությամբ դարձել է աֆրո-ամերիկյան Նոր Օռլեանում ծնված երաժշտության խորհրդանիշը Ռումինիայում: Շուրջ կես դար նա կարողանում է իմպրովիզացիաների, դասախոսությունների, լսումների, փառատոների եւ լեփ-լեցուն դահլիճներում համերգների միջոցով հրաշալի կերպով ներկայացնել ջազի ազատությունն ու տառապանքը: Մեծ մասամբ կրելով բալկանակովկասյան արտացոլումն ու ոգին՝ Հարրի Դավիդյանը հայտնի է հատկապես ջազին զանազան էթնիկ տարրեր հաղորդելով: Դավիդյանը տարիներ շարունակ երգել է Ջոնի Ռըդուկանուի հետ եւ մասնակցել բազմաթիվ համերգների ինչպես Ռումինիայում եւ Հայաստանում, այնպես էլ գրեթե բոլոր եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում: Միաժամանակ, Հարրի Դավիդյանը Կոնստանցայի Դրամատիկական թատրոնում կազմակերպել է Իմպրովիզացիայի  դասեր՝ նվիրված ջազին, ինչը Ռումինիայում իր տեսակի մեջ եզակի է: Երիտասարդ երաժիշտներին աջակցելու նպատակով 1990-ական թթ. սկզբին նա ստեղծեց «Հարրի Դավիդյան» հիմնադրամը: Իր ստեղծագործական գործունեության համար International Herald Tribune պարբերականի կողմից (ներկայիս International New York Times) 1990-ական թթ. ճանաչվել է Ռումինիայի ժամանակակից ամենահետաքրքիր ջազմենը:

 Իր գործերի մեջ էթնիկ տարրերի առատության վերաբերյալ Հարրի Դավիդյանը նշում է. «Այստեղ՝ երաժշտական ավանդույթներով հարուստ Բալկանների սրտում, ինձ կարծես դրախտում եմ զգում: Ես երկու ծագում ունեմ. հայկական՝ ծննդով, եւ ռումինական՝ որդեգրմամբ, եւ երկու մշակույթն էլ ինձ շատ հարազատ են, երկուսում էլ ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում: Չնայած թվում է, թե դրանք երկու տարբեր մշակույթներ են Սեւ ծովի աջ եւ ձախ կողմերում՝ Կովկասում եւ Բալկաններում, այնուամենայնիվ, դրանք կարող են կենակցել, առավել եւս երաժշտության աշխարհում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]