Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դրական չեզոքություն. Իրանի հայ համայնքի դիրքորոշումը նախագահական ընտրություններին

Դրական չեզոքություն. Իրանի հայ համայնքի դիրքորոշումը նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 19-ին սպասվող նախագահական ընտրություններին հայ համայնքը որևէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Հայ համայնքն ունի հարցեր, պահանջներ տարբեր մակարդակներում` տնտեսական, քաղաքական: Գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը հետապնդելն է: Կարեն Խանլարյանը նշեց, որ նման հարցեր արծարծելու համար լավ առիթ է:

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա Կարեն Խանլարյանի խոսքով, որոշ դժվարություններ կան:

«Դժվարություններ կան եկեղեցիների, դպրոցների պահպանման ծախսերի հետ կապված: Մենք այդ տեսանկյունից ակնկալիքներ ունենք ընտրվող նախագահից: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական հարցերը նույնն են, ինչ Իրանի մյուս քաղաքացիներինը: Մեր համայնքն էլ Իրանի հասարակության մանրակերտն է»,-ասաց հայազգի պատգամավորը:

Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների նույն օրն անցկացվելու են Թեհրանի ավագանու ընտրություններ, որոնց մասնակցում են 3 հայ թեկնածուներ` Արա Շահվերդյան, Անդրանիկ Սիմոնի, Արմեն Նազարյան:

«Սա շատ լավ հնարավորություն է, որ հայ համայնքն իր ներկայությունն ունենա Թեհրանի ավագանու կազմում, քաղաքի զարգացման առումով մենք էլ մեր տեսակետը կարող ենք դրսևորել: Մրցակցությունը չափազանց դժվար է լինելու, Իրանի մեծ թվով քաղաքացիներ են առաջադրել ավագանու թեկնածություն: Երեք հայ թեկնածուն էլ կարող են ավագանի դառնալ, եթե հաղթահարեն անցողիկ շեմը»,-ասաց նա:

Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածուներ` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռեիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]