1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ. փոքր բիզնեսը կազատվի որոշ գործառույթներից

 Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ. փոքր բիզնեսը 
կազատվի որոշ գործառույթներից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ, որոնք փոքր բիզնեսը կազատեն որոշ գործառույթներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  աշխատանքի  և զբաղվածության հարցերով  գլխավոր  խորհրդական Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում են մի շարք քայլեր, որոնց արդյունքում փոքր բիզնեսը «շունչ կքաշի»:

«Օրինակ՝ բազմաթիվ դիմումներ կային փոքր ձեռնարկություններից, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց համար բավական բարդ է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դրույթների ամբողջական կիրառումը: Ավելին, շատ դեպքերում, այդ կարգավորումներն իրենց  համար ավելորդ են: Ասենք, մեկ կամ երկու աշխատող ունեցող մի ընկերություն պարտավոր է ունենալ ներքին կարգապահական կանոններ, ընդունի ներքին իրավական ակտեր: Եվ որպեսզի այդ ամենը, փաստաթղթային մասը, վարչարարությունը կարողանան ապահովել, ստիպված են լինում վարձել հաշվապահներ, իրավաբաններ: Այս պարագայում իրենք լրացուցիչ ծախսեր են անում իրենց առավել սուղ միջոցներից»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին երկրներում փոքր ձեռնարկությունների համար Աշխատանքային օրենսգրքում ճկուն մոտեցումներ են սահմանված:

Մյուս կարևոր հարցը վերաբերում է հավելումներին, հավելավճարներին, որոնք նախատեսված են գիշերային, արտաժամյա, տոնական օրերի աշխատանքի համար:

«Օրենքով սահմանված է արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս հավելում, տոնական օրերին աշխատելու դեպքում աշխատողը կրկնակի պետք է վարձատրվի: Այսպիսի սահմանափակումները շատ հաճախ գերփոքր ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում, որովհետև այդ ընկերությունները շատ ավելի մեծ ռիսկի և մրցակցության պայմաններում են աշխատում: Այդպիսի ընկերություններն առնվազն 5-6 անգամ ավելի արագ փակվում ու նորերն են ստեղծվում: 2-3 հոգով աշխատող փոքր ձեռնարկությունը փորձում է «արևի տակ իր տեղն ունենալ», ինչ-որ ձևով զարգանալ, այս դեպքում օրենքով կոշտ կարգավորում սահմանելը, որ արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս վճարի, դժվարություններ է առաջացնում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը: Հետևաբար` ձեռնարկությունը նման դեպքում կամ լրացուցիչ ծախսեր է անում` վարձելով իրավաբանի, հաշվապահի, կամ դիմում է ստվերի` այդ ամենը փաստաթղթավորում է, բայց իրականում անում է այն, ինչպես աշխատողի հետ պայմանավորվում է: Հետևաբար` նախատեսվում է այդ վճարումները թողնել գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը:

Արդյոք ռիսկեր չի՞ պարունակում այդ վճարումները գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը թողնելը: Չէ՞ որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ գործատուն ընդհանրապես չվճարի: Այդ հարցերին ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այնպես է, որ գործատուն և աշխատողն են պայմանավորվում ինչ աշխատանք արվի, որքան վճարվի:

Մեկ սպասվող փոփոխության մասին ևս: Նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար սահմանել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որը կներառի նվազագույն պահանջները: Դա գործատուի համար օգտակար կլինի, արդեն պատրաստի պայմանագիր է լրացվելու, պետք չի լինի լրացուցիչ մասնագետներ վարձել, վճարումներ կատարել պայմանագրեր կազմելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]