Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս․ 01.05.2017

Սպասվող լրահոս․ 01.05.2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 1-ն է, Աշխատանքի միջազգային օրը: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց էին կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8 ժամյա դարձնելու պահանջով: Բախումների հետևանքով եղել են զոհեր և տուժածներ: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Տոնն առաջին անգամ նշվել է 1890թ-ին, սկզբում մի քանի երկրներում, այնուհետև դրանց թիվն ավելացավ: Խորհրդային Միության տարիներին տոնը նշվում էր մեծ շուքով` ուղեկցվելով շքերթով: Այսօր այն նշվում է աշխարհի 140-ից ավելի երկրում:

Օրվա առթիվ հանդիպումներ, քննարկումներ, միջոցառումներ են սպասվում նաև Հայաստանում: Աշխատանքի միջազգային օրվա առթիվ այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը: Նա կներկայացնի աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, օրենսդրական լուծումները:

Երևանում անցկացվելու է աշխատավորի իրավունքներին նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները հայտարարելու են միացյալ քաղաքական խորհուրդ ձևավորելու և ընդհանուր օրակարգ մշակելու մասին։

Հ.Թումանյանի տուն-թանգարանի ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Ավրորա» գեղարվեստական մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառման ընթացքում կհրապարակվեն նաեւ մրցույթին ներկայացված լավագույն հինգ աշխատանքների հեղինակների անունները։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգան հիշատակի համերգով՝ նվիրված հայկական արդի երաժշտության յուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին:

Երևանի բուսաբանական այգում կանցկացվի «Երևանյան գավաթ 4» սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ տոնական մրցաշարը: Այն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Այսօր կմեկնարկի Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը: Սա նախադեպը չունեցող մի իրադարձություն է, որին առաջին անգամ Հայաստանում կմասնակցի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական 

 ռադիոյի եթերում:Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]