Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը խոստանում է խստացնել Երևանի կենտրոնում շինարարության թույլտվության գործընթացը

Տարոն Մարգարյանը խոստանում է խստացնել Երևանի կենտրոնում շինարարության 
թույլտվության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական թիմը` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հանդիպում ունեցավ Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու թեկնածու Կամո Արեյանն իր ելույթում ընդգծեց, որ Երևանի զարգացման 5-ամյա ծրագիրը, որ ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, չափելի է, իրատեսական ու իրագործելի: «Մայրաքաղաքի զարգացման հետ կապված` չկա մի ուղղություն, որ ներառված չլինի մեր ծրագրում: Ես հատուկ շեշտում եմ, որ մեր ծրագիրն իրատեսական է, որովհետև այն ձևավորվել է ոչ թե ցանկությունների վրա, այլ մենք տեսել ենք խնդիրը, գիտենք խնդրի մեկնակետը, գիտենք` ինչպես լուծել այդ խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արեյանը:
Երևանի ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանն էլ անդրադարձավ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց հետ տարվող աշխատանքներին: «2013-2017թթ. ընթացքում հիմնական սկզբունքը, որ որդեգրվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, Երևանը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմար քաղաք դարձնելն էր: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են արվել, որպեսզի Երևանը հարմարավետ լինի բոլոր խմբերի համար: Վերջին 4 տարիների ընթացքում Երևանի փողոցներում և հանրային այլ վայրերում կառուցվել է շուրջ 2 հազար թեքահարթակ: Մի քանի ավտոբուսներ այսօր հարմարեցված են խոցելի խմբերի համար: Շատ աշխատանք է արվել, սակայն սա բավարար չէ: Դա է պատճառը, որ մենք մեր ծրագրում ներառել ենք, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է պետք ձեռնարկել առաջիկա 5 տարիների ընթացքում»,- ընդգծեց Մինասյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին ներկայացրեց այն ծրագրերը, որ իրենք նախատեսում են իրականացնել առաջիկա տարիներին, եթե ընտրություններում ստանան երևանցիների վստահության քվեն: «Երևանը շնչող օրգանիզմ է, իսկ կենտրոնը Երևանի սիրտն է: Բոլորս տեսնում ենք, որ Կենտրոն վարչական շրջանում անելիքներ կան: Մենք նախատեսում ենք այստեղ բեռնաթափման աշխատանքներ իրականացնել: Նախատեսում ենք կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր: Այսպիսով մենք նախատեսում ենք որոշ չափով բեռնաթափել կենտրոնը: Մենք անցած տարիների ընթացքում կառուցել ենք շրջանցիկ ճանապարհներ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որոնց հիմնական ֆունկցիան կենտրոնի բեռնաթափումն է: Այս ծրագրերը լինելու են  շարունակական: Մենք կառուցելու ենք ճանապարհներ, որոնք բեռնաթափելու են կենտրոնը: Հստակ գիտենք մեր անելիքները»,- ասաց Մարգարյանը:

Նա անդրադարձավ երևանցիներին հուզող ևս մեկ կարևոր հարցի` պատմամշակութային հուշարձանների և հին շենքերի պահպանման խնդիրներին: «Մենք այս տարիների ընթացքում ձեռքերս ծալած չենք նստել և մասնավորի հետ համատեղ հին Երևանի վերականգման ծրագիր ենք մշակել: Մենք արդեն ունենք այս ծրագիրը, մեկնարկը տրվել է, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիների ընթացքում ավարտին կհասցնենք այն»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հայտնեց, որ իրենք աշխատել են մի շատ կարևոր օրենսդրական նախաձեռնության վրա, որով մայրաքաղաքի փոքր կենտրոնում խստացվելու է կառուցապատումը: Նրա խոսքով` շատ խիստ օրենքի նախագիծ են մշակել` ուսումնասիրելով միջազգային փորձը և ոլորտում առկա խնդիրները: «Մենք այն ներկայացնելու ենք Ազգային ժողովի քննարկմանը, և վստահ եղեք, որ այն մտահոգություններն ու դժգոհությունները, որոնք միշտ եղել են, կանխվելու են այս օրենքով: Կենտրոնում շինարարություն կիրականացվի միայն ներկայացված ծրագիրն ուսումնասիրելուց հետո: Այդ ծրագրերը իրականացվելու են քաղաքացիների մասնակցությամբ հանրային քննարկումներից հետո և կիրականացվեն միայն քաղաքացիների համաձայնության դեպքում»,- ասաց Մարգարյանը:

Ավարտելով խոսքը` Երևանի քաղաքապետը կարևորեց նաև մայրաքաղաքի ծայրամասային բնակավայրերի համաչափ զարգացումը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվելու են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am