Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը. ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունն ուժի մեջ է

ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը. ընտրությունների արդյունքների 
վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունն ուժի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը և որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի ապրիլի 9-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

ՍԴ-ն դիմումի քննությունն սկսել էր ապրիլի 25-ին, իսկ խորհրդակցական սենյակ էր գնացել որոշումը կայացնելու համար՝ ապրիլի 28-ին:

ՍԴ-ն արձանագրել է, որ դաշինքն ունեցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի 1582 անդամ՝ ընդգրկելով տեղամասերի 94 տոկոսը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ստորագրել են բոլոր արձանագրությունները ՝ վավերացնելով տեղամասերում ընտրությունների արդյունքները՝ առանց վերապահության կամ հատուկ կարծիքի: Այս իրողությունն աննախադեպ է Հայաստանում համապետական ընտրությունների անցկացման պրակտիկայում: Այս իմաստով Սահմանադրական դատարան դիմելը դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս:

«Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ընթացքում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձվել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք, ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կարող էին հիմք ծառայել ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը: 

Այսպիսով՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը: Այսինքն, քանի որ որոշումը  հրապարակվեց ապրիլի 28-ին, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին: Երկրի օրենսդրության համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական կտա:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայացել են 2017թ. ապրիլի 2-ին: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ՀՅԴ, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ է քվեարկել 770 հազար 441, «Ծառուկյան» դաշինքին` 428 հազար 836, «Ելք» դաշինքին` 122 հազար 65, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը 103 հազար 48 ընտրող: ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

«Արմենպրես»-ը ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակի փոքր-ինչ ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]