Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռոբերտ Աբաջյանը «վերադարձավ» հարազատ դպրոց. այն արդեն կրում է հերոսի անունը

Ռոբերտ Աբաջյանը «վերադարձավ» հարազատ դպրոց. այն արդեն կրում է հերոսի 
անունը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբերտ Աբաջյան, ներկա». Երեւանի թիվ 147 դպրոցի բակը մարդաշատ էր. ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատները, ընկերները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի, Նորայր Գասպարյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սաշա Գալստյանի ծնողները, Ռոբերտ Աբաջյանին նույնիսկ չճանաչած մարդիկ եկել էին տեսնելու եւ լսելու, որ թիվ 147 հիմնական դպրոցն այսուհետ կրելու է պատերազմում հերոսացած Ռոբերտի անունը: Դպրոցի տնօրենը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, հպարտությամբ փաստեց, որ հենց այդ դպրոցի շրջանավարտն է եղել Ռոբերտը:
«Անուն, որ կոչված էր մի նպատակի, որ կրկին փաստեր այն իրողությունը, որ հայրենիքի մերօրյա եւ 90-ականների պահապանների զարկերակները բաբախում են նույն ռիթմով, եւ մենք այդ ձայնին պետք է ականջ դնենք: Խաղաղության եւ սիրո համար ծնված հայ պատանին՝ Ռոբերտը, դարձավ արցախյան պատերազմը հաղթած հերոսների արժանի փոխարինողը, անպարտելիորեն ոտք դրեց անմահություն: Գիտակցված մահով հավերժի ճամփորդ դարձավ հայորդին՝ մեր Ռոբերտը, մեր տղան, մեր ոսկե արծիվը, այսօր վերադառնում է հարազատ դպրոց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկը կարդաց իր նամակը՝ ուղղված հերոս Ռոբերտին՝ դպրոցի բոլոր աշակերտների կողմից խոստանալով, որ վառ է պահելու նրա հիշատակը, իսկ նկարի մոտ դրված ծաղիկները՝ միշտ թարմ: «Հպարտ եմ, որ երեք տարի ամեն առավոտ քեզ հետ մտել եմ դպրոց, քայլել եմ նույն միջանցքներով. սիրելի Ռոբերտ, ուղիղ մեկ տարի է՝ մենք քեզ վարդեր ենք բերում, միայն իմանաս, թե ինչպես ենք խնամում նկարիդ տակ դրված վարդերը: Այսօր դու վերադառնում ես հարազատ դպրոց, վերադառնում ես՝ անունդ գրված դպրոցի անվանատախտակին, վերադառնում ես որպես հուշաքար, որպես կանաչ եղեւնի, որպես արցունք քո ուսուցիչների աչքերին: Հանդիսավոր կերպով խոսք եմ տալիս՝ միշտ բարձր կպահենք քո անունը, անհրաժեշտության դեպքում կշարունակենք քո եւ ընկերներիդ անմահ ու հերոսական գործը: Հարգելի Ռոբերտ, մենք՝ քո անունը կրող դպրոցի աշակերտներս, կապրենք աբաջյանական ոգով, իսկ քո ոգին՝ որպես տոկուն արծիվ, հավերժ թող ճախրի հայոց լազուր երկնքում»:
Դպրոցի նոր անվանատախտակի բացումը կատարեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, որից հետո ներկաները շարժվեցին դեպի նրա հիշատակը հավերժացնող խաչքարը, ծաղիկներ խոնարհեցին, ապա այցելեցին Ռոբերտ Աբաջյանի անվան ՆԶՊ դասասենյակը:
Մարիետա Սահակյանը, ով Ռոբերտի քիմիայի ուսուցչուհին է, մասնակցել է արցախյան ազատամարտին: Ուսուցչուհին հրաժարվում է խոսել Ռոբերտի մասին անցյալով, նրա համար հերոսը միշտ ողջ կլինի: «Ռոբերտի չարաճճիություններին շատ լավ եմ ծանոթ, փոքրուց իմ աչքի առաջ է եղել: Երբ սկսեցի դասավանդել, արդեն որպես աշակերտ սկսեցի ճանաչել նրան: Ռոբերտն իմ հիշողության մեջ կմնա, կա ու կլինի: Նա ճարպիկ, երկաթի պես կամք, յուրահատուկ հումորի զգացում ունեցող տղա է՝ դպրոցի աշակերտների, ուսուցիչների կողմից սիրված: Ես այս ամենը չեմ ասում, որովհետեւ նա ֆիզիկապես մեզ հետ չէ, նա միշտ մեզ հետ է, ու նրան միշտ հիշելու եմ ժպտալիս: Նույնիսկ երբ դիտողություն էինք անում, միշտ ժպտում էր: Դպրոցի անվանակոչությանն ավելի շուտ էի սպասում, ուշացավ: Նա հավասարվեց արցախյան պատերազմի հերոսներին: Նրա հայրենասիրությունը դեռ փոքրուց էր ձեւավորվել, որովհետեւ նման ընտանիքում էր մեծացել: Իմ Ռոբերտը արծաթի նման փայլուն, ոսկու նման ազնիվ է»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]