Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կկանոնակարգվեն վարչական իրավախախտումների հետ կապված իրավահարաբերությունները

Կկանոնակարգվեն վարչական իրավախախտումների հետ կապված  
իրավահարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում ապրիլի 27-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Նախագիծը բազմիցս դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների նյութ, ներկայացվել է միջազգային ճանաչում ունեցող վարչական իրավունքի փորձագետների փորձաքննությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների և իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաև վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա։ Այսպիսով, օրենսգրքի նախագծում արտացոլված են, մասնավորապես,  հետևյալ նորամուծությունները`

.Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են և ներառվել են այնպիսիք, որոնք սահմանված չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են և չունեն  ուղղորդող լուծումներ:

.Սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները: Մասնավորապես, իրավաբանական անձինք սահմանվել են որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ:  

.Սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության և տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից: Հատուկ վարույթներ, այսինքն՝ առանձնահատուկ կանոններով վարույթներ սահմանվել են միայն այն դեպքում, երբ դրանք թելադրված են եղել վարույթի օբյեկտիվ նախադրյալներով և կարող են նպաստել պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքի իրացմանը:

.Վերացվել են քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի կանոնների միջև առկա անհարկի տարբերությունները, ինչը կնպաստի այդ համասեռ վարույթների նկատմամբ միասնականության ապահովմանը: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կասկածյալների իրավունքների ընդլայնման և պաշտպանության խնդիրներին, որոնց լուծման կարևորագույն գրավական է համարվել պաշտպանի լիազորությունների աննախադեպ ընդլայնումը:

.Ձերբակալված անձը չի կարող անազատության մեջ պահվել 3 ժամից ավելի: Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: 3 ժամից ավելի տևողությամբ ժամկետով, բայց ոչ ավելի քան 48 ժամը, կարող են ձերբակալվել՝  ոչ սթափ վիճակում գտնվող անձինք՝ մինչև սթափվելը,  սահմանային կամ մաքսային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք՝ մինչև ինքնությունը պարզելը: 

Քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը կկազմակերպվի ծանուցմամբ 

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում  և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու  մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակն է կրճատել, պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման գործընթացները: Նախագծերի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցմամբ կազմակերպելու ապահովումն է  և առկա խնդիրների վերացումը:

Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը: Որոշման նպատակն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտից հետո շրջակա միջավայրի պահպանման, դիտանցման և հսկողության կարգավորումն է: 

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը 

Գործադիրը հաստատել է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի  շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից  լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին: Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560.0 մլն ՀՀ դրամ միջոցներով  լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:

Ջերմուկ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման, փողոցների ջրահեռացման ցանցի վերականգման և ասֆալտապատման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ու վերակառուցման, ինչպես նաև համայնքի զբոսայգու բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով  կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: 

Կբարելավվեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում բիզնես գործունեություն ծավալելու պայմանները 

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները  բարելավելու, պարզեցնելու նպատակով  գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝  առաջարկվում է  ուժը կորցրած ճանաչել օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի տրամադրմանն առնչվող դրույթները, սահմանել սերտիֆիկացման մարմնի կողմից գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացվող տեղեկատվության ցանկ: 

Կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն 

 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, որոշմամբ նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և  որոշումների կայացմամբ:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական պետական տեսչությունը», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Ընդերքի պետական տեսչությունը» և ստեղծել նոր՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»: Որոշմամբ հաստատվում է  տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը: Սահմանվել են նաև տեսչական մարմին ստեղծելու  գործընթացում անհրաժեշտ հանձնարարականները: Տեսչական մարմնի լիազորություններում ընդհանրացվել են բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառները կարգավորող իրավական ակտերով տեսչական մարմնին վերապահված լիազորությունները, որոնց իրականացումն ուղղված է բնապահպանության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ընդերքօգտագործման անվտանգության ապահովմանը, այդ բնագավառներում իրավախախտումների կանխարգելմանը և տնտեսվարող սուբյեկտների մոտ իրավագիտակցության բարձրացմանը:  Կարեն Կարապետյանը, անդրադառնալով տեսչական բարեփոխումներին, հետաքրքրվել է,  թե արդյոք լուծվել են խնդրի շուրջ բարձրացված  բոլոր հարցերը: Ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ  մնացել են միայն օրենքի փոփոխությամբ պայմանավորված  մի շարք  հարցեր, որոնք  արդեն մշակվել են և գտնվում են  գերտեսչությունների հետ քննարկման փուլում:

Վարչապետը հանձնարարել է հարցի  վերաբերյալ իր մոտ քննարկում կազմակերպել և անել հնարավորը, որպեսզի  տեսչական մարմինը խոչընդոտ չհանդիսանա բարեփոխման համար: 

Անդրադառնալով հանրային ծառայության բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է, թե երբ դրա վերաբերյալ առաջարկությունները  կներկայացվեն:  Դավիթ Հարությունյանը նշել է. «Փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ես կարծում եմ, որ համապատասխան առաջարկությունները պատրաստ կլինեն 1-1,5 ամիս հետու»: Կարեն Կարապետյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը. «Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիրներ կան: Մենք ունենք սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել թարմ, մտածող մարդու: Պետք է մաքսիմալ արագ այդ հարցը կարգավորենք»: 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Նախագծով ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ:

Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: Տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016թ. տեսչությունն  իրականացրել և ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի  կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն ՀՀ դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն ՀՀ դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով ` 31.1 մլն ՀՀ դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն ՀՀ դրամ: 2016թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203,2 մլն ՀՀ դրամը, որից 30.1 մլն ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ պետբյուջե, 1.4 մլն ՀՀ դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն ՀՀդրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձևակերպվել է:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել նաև «Պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագրի կատարման 2016թ. հաշվետվությունը»:

Այլ որոշումներ 

Կառավարությունը որոշել է լիազորել  Երևանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: ՀՀ վարչապետը նշել է, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամները, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի առնչությամբ:  «Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,-ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել կարգավորել առկա խնդիրները:

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածքով անցնող Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ հատվածների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածներում գետերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, ինժեներական կառույցները, շենք-շինությունները և այլն, զերծ կմնան ողողումներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]