Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իգնատի Առաքելյանն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

Իգնատի Առաքելյանն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` նախարարն առաջարկել է ուսումնասիրել այն զբոսաշրջության կենտրոնի վերածելու հնարավորությունը:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կենդանաբուծության և ձկնարդյունագործության զարգացման հնարավորությունները:

Կենտրոնի գիտնականներն իրենց հերթին առաջարկել են  քննարկել հայկական մուֆլոնի և  ընտանի ոչխարի  խաչասերման հարցը:  Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:    

«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը:

Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]