ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուղղված կլինի սահմանային լարվածության թուլացմանը. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ուղղված կլինի սահմանային լարվածության թուլացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը ստանձնեց ակտիվ միջնորդի դեր: Հիմնական բանակցային խնդիրը վստահության մեխանիզմների ստեղծումն էր, այն, ինչի մասին Հայաստանը տարիներ շարունակ պնդում էր: Կարծում եմ, որ հիմա հանդիպումը որոշակիորեն ուղղված է լինելու այդ խնդիրներին: Դրանից բացի, կարծում եմ, որ որոշակի քննարկում կլինի սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վերաբերյալ»,-ասաց նա:
Քաղաքագետը չի կարծում, որ բուն բանակցային գործընթացում ինչ-որ լուրջ տեղաշարժ կլինի: Որևէ ակնկալիք էլ չկա, որ ադրբեջանական կողմը կհրաժարվի իր նախկին մոտեցումներից: Նարեկ Գալստյանը նկատեց, որ հանդիպմանը, եթե նույնիսկ պայմանավորվածություններ էլ լինեն, միևնույն է երաշխիք չկա, որ Ադրբեջանը հետամուտ կլինի:
«Ըստ էության, Հայաստանից լուրջ բաներ պահանջելու հիմքեր չկան: Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարում է, մի բան էլ ավելին, իսկ Ադրբեջանը գլխավոր պայմանավորվածությունները չի կատարում: Վառ ապացույցը քառօրյա պատերազմն է»,-հավելեց նա:
Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում