1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ-ից մեկնած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ սեմինար-վարժանքներ են անցկացնում Ստեփանակերտում

ՀՀ-ից մեկնած բժիշկները ՄԻԱՎ-ի վերաբերյալ սեմինար-վարժանքներ են անցկացնում 
Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից մեկնած մի խումբ բժիշկներ Արցախում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և դրա վարակի կանխարգելման ուղղությամբ առողջապահական և կրթական ոլորտներում ներուժի զարգացման նպատակով իրականացնում են 4-օրյա սեմինար-վարժանքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն ասել է, որ սեմինար-վարժանքների նպատակն այն է, որ Արցախում բժիշկների, մանկավարժների շրջանում անցկացվեն դասընթացներ և տեղեկություններ տրամադրվեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, դրա փոխանցման ուղիների, կանխարգելման, հիվանդության հայտնաբերման և հետազոտության շուրջ:

«Սեմինարների նպատակը ոչ միայն հիվանդության հայտնաբերումն է, այլև մարդկանց բացատրելը, որ ՄԻԱՎ հիվանդությունն ունեցողների հետ կարելի է շփվել, նրանց հետ միասին աշխատել և այլն: Նրանք նույն վարքագծով, ապրելակերպով չեն տարբերվում առողջ մարդուց, տարբերությունն այն է, որ նրանք ՄԻԱՎ-ով վարակված են»,- ասել է Վ. Արզաքանյանը:

Խոսելով ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումների մասին՝ բժիշկ-համաճարակաբանն ասել է, որ վարակն ունի իր հստակ փոխանցման ուղիները. «ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների, վարակված արյան փոխներարկման, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Եթե մարդիկ վերը նշված ինֆորմացիային տիրապետում են, շատ հեշտ կարող են խուսափել վարակից: Բուժհիմնարկներում վարակվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հիմնականում բոլոր նորմատիվները պահպանվում են: Մարդիկ պետք է իմանան, որ սովորական կենցաղային ճանապարհով այն չի փոխանցվում. օրինակ՝ ձեռքի սեղմումով, համբույրով, համատեղ սնունդ ընդունելով: Մարդիկ կարող են իրար հետ ապրել, աշխատել, դպրոց հաճախել: Այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ ռիսկային վարքագիծ են դրսևորել, մանավանդ թմրամոլները, ովքեր օգտվում են նույն պարագաներից, ապա ցանկալի է, որ պարբերաբար հետազոտվեն: 

Ռիսկային է, մանավանդ,  երբ մարդիկ մեկնում են արտերկիր, օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ՄԻԱՎ-ը 5 անգամ ավելի շատ է,   և վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում: Եթե մեր երկիրը համեմատում ենք այլ երկրների հետ, ապա կարող ենք ասել, որ բարվոք վիճակում ենք գտնվում»: 

Վ. Արզաքանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում գործում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման մեկ կենտրոն, որտեղ իրականացվում է վարակի վերջնական ախտորոշումը:

«Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները: Սկսած այցելուի  հետազոտությունից, դիսպանսերային ծառայությունից՝  մինչև բուժում, ամբողջությամբ անվճար է: Լինում են դեպքեր, որ հիվանդը,  սոցիալական պայմաններից ելնելով,   չի կարողանում Հայաստան մեկնել, այդ դեպքում բժիշկն է այցելում հիվանդին»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]