1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 25.04.2017

Սպասվող լրահոս. 25.04.2017
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

 

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մ. Համիդ Անսարին կայցելի  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ  պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

ՀՀ սահմանադրական դատարանում կլսվի «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Միջազգային իրավունքի փորձագետ, Իրավաբանական համահայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի համակարգող Վլադիմիր Վարդանյանը կներկայացնի մանրամասներ Հայոց ցեղասպանության իրավական գործընթացից: Լրագրողների հետ կհանդիպի նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով ամփոփ դիտարկումներ կներկայացնի Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Մամուլի ասուլիսով հանդես կգան Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամները: Կազմակերպությունում տարբեր ազգի ներկայացուցիչներ են` թուրք, քուրդ, չերքեզ, զազա, սունի: Յուրաքանչյուր տարվա ապրիլի երրորդ շաբաթը կազմակերպության անդամները ժամանում են Երևան՝ հայերի ամենամեծ ցավը կիսելու և իրենց պապերի ձեռքով կատարված ոճրագործության համար հայերից ներողություն խնդրելու առաքելությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը  կներկայացնի 2017թ. առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների մասին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կբացվի Մարիամ Սուխուդյանի «Բնության զարկը» խորագրով նկարների ցուցահանդեսը: Մարիամ Սուխուդյանը հայտնի է որպես բնապահպան, ակտիվիստ։ Ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կհյուրընկալի Գավառի մանկատան մի խումբ սաների և սիրիահայ երեխաների։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և «Մեգերյան կարպետներ» ընկերությունը մեկնարկում են նոր բարեգործական ծրագիր՝ նվիրված «Մեգերյան կարպետների» 100-ամյա հոբելյանին։ «Մեգերյան կարպետներ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի  շահառու՝ Վանանդ համայնքի երիտասարդները կաշխատեն  հոբելյանական գորգի ստեղծման վրա։ Ծրագրի մեկնարկը կտան «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր  Րաֆֆի Մեգերյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։

Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]