Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում տեղի ունեցավ հայերեն կրկնօրինակմամբ «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

 Երևանում տեղի ունեցավ հայերեն կրկնօրինակմամբ «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ ապրիլի 24-ին  «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ներկայացվեց հայերեն կրկնօրինակմամբ:

«Այս կինոնկարի միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք մեր խնդիրը: Կարծում եմ` կարևոր է,  որ դրա մասին աշխարհին պատմում ենք  ոչ թե հայերս, այլ հանրահայտ հոլիվուդյան դերասանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` նշեց «Շարմ Հոլդինգ»-ի  պրոդյուսեր Կարեն Ղազարյանը և հավելեց, որ ֆիլմը բարձր մակարդակով է նկարահանված, և այն կարող են դիտել տարբեր ազգերի, դավանանքի մարդիկ, քանի որ կինոնկարում կա սեր, գեղեցիկ մարդկային հարաբերություններ:

Ղազարյանի խոսքով` «Շարմ Հոլդինգ»-ը Հայաստանում ֆիլմի ցուցադրման իրավունքը բավականին ուշ է ձեռք բերել և կարճ ժամանակում են իրականացվել հնչյունավորման և այլ աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ դեռ հնարավորություն կստեղծվի ֆիլմի դերասանական կազմին ու ռեժիսորին հյուրընկալել Հայաստանում:

Կինոժապավենում ձայնագրվել են «Հովեր» կամերային երգչախումբը և Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

«Մեզ առաջարկեցին Կոմիտասի պատարագից մի հատված կատարել, և մենք սիրով համաձայնվեցինք: Հարուստ տեսարաններով ֆիլմ է, որն աննախադեպ է ու հաջողված»,- ասաց «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

Լիպարիտ Ավետիսյանն ընդգծեց, որ ոգևորությամբ է համագործակցել «Հովեր» երգչախմբի հետ, որն իր սիրելի կոլեկտիվն է: «Հպարտ եմ, որ մեր ներդրումն ունեցանք այս ահռելի աշխատանքում»,- ասաց նա:

«Շարմ Հոլդինգ»-ի նախաձեռնությամբ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սիրանուշ Լազյանը և այլք:

Անժելա Սաֆարյանի կերտած կերպարին` Մարալին, հնչյունավորած դերասանուհի Սիրանուշ Լազյանն ասաց, որ հպարտ է արմատներով հայ դերասանուհու հնչյունավորելու համար և ցանկանում է, որ իր կերպարին դիտելով կրկին գնահատենք հայ կնոջը` համբերատար, սիրով լի:

Հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից:

«Խոստումը» ֆիլմի սյուժեն  պատմում է առաջին համաշխարհային պատերազմի  օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանման  ու կոտորածի` Հայոց ցեղասպանության մասին: Այն մի երիտասարդ հայ բժշկի մասին է, որը տեղափոխվումն է Կոստանդնուպոլիս սովորելու: Այնտեղ ծանոթանում է նկարչուհի Աննայի հետ ու սիրահարվում:

Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով`Օսկար Այզեք, Քրիստիան Բեյլ, Շարլոտ լը Բոն, Անժելա Սաֆարյան և այլք: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]