Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ապրիլի 21-ին ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս  համագործակցությունը  և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի և կկրի շարունակական բնույթ:

«Դատական արխիվների թվայնացումը կարևոր գրավական է դատական համակարգի գործունեության  և արդյունավետության բարձրացման համար: Համաձայնագրով նախատեսված աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի առցանց որոնել թվային ֆայլերը՝ այդպիսով կբարելավվի դատական գործերի և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և դատական համակարգի  գործունեության թափանցիկությունը»,- ասել է նախարարը: 

ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ևս հատկանշական է համարել  համաձայնագրի կնքումը և գոհունակությամբ նշել, որ Արդարադատության նախարարության հետ վերջին մեկ տարվա ընթացքում երկու կարևոր համաձայնագրերի ստորագրումն արդեն իսկ վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Նշենք, որ փաստաթղթի շրջանակում հատկացվող միջոցները կուղղվեն դատական արխիվային նյութերի թվայնացմանը, առկա համակարգում դրանց ներմուծմանը և կարողությունների զարգացամանն ու հանրային իրազեկմանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ