Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց հանրապետական ուսանողական գիտաժողովը


ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ապրիլի 21-ին մեկնարկեց հանրապետական ուսանողական գիտաժողովը: Լիագումար նիստի ժամանակ բոլորին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը: Լիագումար նիստի ընթացքում զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  կուրսանտ  Հենրի Մատինյանը՝ ներկայացնելով  «Մարտական իրադրությունը որպես սթրեսի առաջացման աղբյուր» զեկույցը, որն այնքան հետաքրքրեց ներկաներին, որ նոր գիտաժողով կազմակերպելու առաջարկ հնչեց:
«Ճիշտ է, այս գիտաժողովն ավանդական է, բայց ուրախալին այն է, որ մեկ օր առաջ Երևանում կայացած «Ազգ-բանակ» համաժողովի տպավորությամբ, գիտաժողովը փոխեց ուղղվածությունը և հանձն առավ ևս մեկ գիտաժողով կազմակերպել մինչև այս ուսումնական տարվա ավարտը՝ նվիրված մեզ մոտ հոգեբանական դրսևորումերի վերաձևավորումներին: Մեր երիտասարդները, թեման շատ հոգեհարազատ ընդունելով, արդեն դահլիճում արձագանքեցին և նոր գիտաժողովի գաղափար ծնվեց»,-նշեց Սահակ Մինասյանը:
Լիագումար նիստից հետո աշխատանքը շարունակվեց աշխատանքային ստորաբաժանումներում:
Այս տարի գիտաժողովին մասնակցելու ցանկություն հայտնած ուսանողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց   համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Քաջիկ Հարությունյանը: «Նախորդ տարի ունեինք 142 դիմում, սպասում էինք մոտ 170, բայց այս տարի 248 ուսանող է գրանցվել, ինչը շատ ոգևորեց, բայց միաժամանակ ավելի սթափեցրեց՝ աշխատանքի ծավալի առումով: Այս տարի պատմական, հոգեբանական և մանկավարժական գիտություններով էր հոսքը շատ: Ի դեպ, հայտեր ունեինք Հայաստանի շատ  բուհերից, Արցախից, ինչը շատ կարևոր էր: Այս տարի առաջին անգամ մասնակից կար նաև ռազմական բուհից»,- նշեց Քաջիկ Հարությունյանը:

Արմենուհի Մխոյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ