Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում թուրքերի մոտ. Հայկ Դեմոյան


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է  թուրք այցելուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ:  Դա շատ եմ  կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թանգարան-ինստիտուտը:  Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք  ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել  բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին:  Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր:  Այնտեղ ոչ միայն նշվեց  «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

 



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ