1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հավակնոտ ծրագրեր ունի տուրիզմի, կրթության ու այլ ոլորտներում

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հավակնոտ ծրագրեր ունի 
տուրիզմի, կրթության ու այլ ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հիմնադրվել է ոչ թե որևէ մարմնի փոխարինելու, այլ լրացնելու, օժանդակելու և աջակցելու բարեփոխումների և ծրագրերի ավելի արագ և արդյունավետ իրագործմանը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով: «Արմենպրես»-ը զրուցել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի հետ՝ պարզելու, թե որոնք են կենտրոնի նպատակները և ինչ ծրագրերի ուղղությամբ են աշխատանքներ տարվում:

-Պարոն Խաչատուրյան, հայտնի է, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում է տնտեսական զարգացմանը նպաստող նոր ծրագրերի մշակման ուղղությամբ: Կարո՞ղ եք այդ ծրագրերից մի քանիսը ներկայացնել:

Կարևոր մեկ նրբություն. մեր կենտրոնը միշտ չէ, որ մշակում է ծրագրեր, այլ նաև  օժանդակում է Կառավարությանը՝ մշակելու և իրականացնելու տնտեսական զարգացումը խթանող նոր ծրագրեր: Կենտրոնը օժանդակող պլատֆորմ է: Դա շատ կարևոր է շեշտել, որովհետև շատ հաճախ սկսել է հնչել այն կարծիքը, թե կենտրոնը  նախարարությանը փոխարինող կառույց է: Դա այդպես չէ, մենք ոչ մեկին չենք փոխարինում, այլ եկել ենք լրացնելու, օժանդակելու և աջակցելու, որ ծրագրերն ավելի արագ իրագործվեն, ավելի արդյունավետ՝ հանրային-մասնավոր հատված համագործակցության միջոցով:

Մենք աշխատում ենք տարբեր ծրագրերի ուղղությամբ: Առաջինը՝ ազգային թվայնացման ռազմավարության մշակումն է: Այն վերաբերում է բոլոր ոլորտներին, որտեղ հնարավոր է թվայնացումը: Կարծում եմ, այդ փաստաթուղթը շատ կարևոր է, քանի որ դրա հիման վրա որոշում կկայացնենք, որն է մեր վերջնական նպատակը և թիրախը, որոնք են մեր առավելությունները, որ ուղղություններով մենք կարող ենք տարբերվել մյուս պետություններից՝ հաշվի առնելով մեր  աշխարհագրությունը, մարդկային կապիտալը, ազգային ռեսուրսները և դրա հիման վրա  որոշել մեր գերակայությունները:

Աշխատանքներ են տարվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ, և տարբեր փոփոխություններ ենք առաջարկում:  ՊԵԿ-ի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ և ՊԵԿ-ի մեր գործընկերները շատ մարտական են տրամադրված: ՊԵԿ-ում առաջ քաշված 10 բարեփոխումներից մի քանիսն առաջարկել է մեր կենտրոնը: Արդեն պատրաստում ենք բարեփոխումների երկրորդ փուլը, այնուհետև սկսելու ենք աշխատել ելակետերի վրա: Օրինակ` ինչ ռազմավարություն պետք է ունենանք հարկային, մաքսային  վարչարարության  բարեփոխումների ուղղությամբ, ինչպիսի տեսլական պետք է ձևավորենք և այլն:

Ներդրումային ծրագրերի մասով տարբեր աշխատանքներ ենք տանում: Հավաքագրել ենք  մոտ 80  ներդրումային ծրագիր, և մեր թիմն այդ ծրագրերն ուսումնասիրում է: Նախ ուզում ենք գնահատել և հասկանալ, թե ինչ վիճակում են այդ ծրագրերը պատրաստվածության տեսանկյունից, արդյոք ինչ-որ լրացուցիչ տեղեկություն է անհրաժեշտ, արդյոք դրանք պետք է թարմացվեն  և այլն: Մեր կենտրոնը ուսումնասիրում է նաև investmentprojects.am հարթակը: Կենտրոնի խնդիրն է՝ մի կողմից հասկանալ՝ որ ներդրումային ծրագրերը, ըստ էության, կարող են կյանքի կոչվել, մյուս կողմից՝ ներդրողին առաջարկել իրեն հետաքրքրող իրատեսական ծրագրեր: Հուսով եմ, որ լավ պատրաստած մոտ 20 ներդրումային  ծրագիր կունենանք:

-Իսկ որքանո՞վ են իրագործելի այդ ներդրումային ծրագրերը:

- Խնդիրն այն է, որ ներդրումն արագ չի կարող լինել, քանի որ, եթե մարդն իր սեփական գումարն է ներդնում, պետք է մտածի, գնահատի, արդյոք բավարար շահութաբեր է այդ ծրագիրը: Քանի որ ներդնողին տեղեկություն, վերլուծություն կամ հետազոտություն է պետք, մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որպեսզի նա ունենա իրեն անհրաժեշտ բոլոր տվյալները, ինչպես նաև մաքսիմալ բարենպաստ միջավայր՝ որոշում կայացնելու և քայլեր իրականացնելու համար:

Կարող եմ ասել, որ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ներդրողները գալիս են՝ հետաքրքրված ներդրումային ծրագրերով, բանակցություններ են վարում: Ամեն ինչ կանենք, որ մինչև 2017 թվականի վերջը մոտ 2-3 խոշոր ներդրում ունենանք:

-ՌՆԿ-ն զբոսաշրջության ոլորտում ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

-Զբոսաշրջության ոլորտում կենտրոնը համագործակցում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Մեր նպատակն է որոշակիորեն վերանայել զբոսաշրջության վերաբերյալ միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացվածությունը, որի ուղղությամբ մեր թիմն արդեն իսկ աշխատում է: Հայաստանը նախ պետք է հատուկ ձևով, իր բոլոր հնարավորություններով, գրավչությամբ և առավելություններով ներկայացվի ցուցահանդեսներում, այնուհետև նոր միայն առաջարկ ներկայացնի տուր-օպերատորներին: Այսինքն` եթե զբոսաշրջիկը ցանկանում է գաստրո զբոսաշրջություն, պետք է հստակ ներկայացնել այդ առաջարկը, փաթեթը և ուղղությունները:

Երկրորդ` զբոսաշրջության կոմիտեի հետ աշխատում ենք զբոսաշրջության արբանյակային հաշիվ (Tourism Satellite Account) ներդնելու ուղղությամբ  և արդեն իսկ փորձագետներ են ներգրավված: Որպեսզի կարողանանք ճիշտ թիրախավորել զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը, պետք է ունենանք բավարար տեղեկություն զբոսաշրջության մասին: Մենք ունենք տեղեկություն, որ Հայաստան է այցելում մոտ 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ և ունենք ծախսը, որը կատարում է զբոսաշրջիկը այցելության ժամանակ՝ մոտ 800-1000 դոլար: Հարցը հետևյալն է` զբոսաշրջիկը, գալով Հայաստան, որտեղ է ծախսում այդ գումարը, ինչն է իրեն հատկապես Հայաստանում  հետաքրքրում, ինչն է, որ չի հավանում, որ տարածաշրջաններ է այցելում, որ հյուրանոցում  է բնակվում և այլն: Այդ ամենը զբոսաշրջության արբանյակային հաշվի միջոցով կարող ենք ամփոփել: Եթե տեսնենք, որ զբոսաշրջիկների մեծ մասը չի հավանել տվյալ տարածաշրջանի ճանապարհը, մենք այն կշտկենք: Կամ կարող է պարզվել, որ զբոսաշրջիկների 80 տոկոսը գալիս է կրոնական զբոսաշրջության, այսինք` պետք է մարքեթինգային քաղաքականությունը այս ուղղությամբ տանել:

-Ձեր կարծիքով, Հայաստանում ո՞ր ոլորտներն են, որ տնտեսական աճի ապահովման մեծ պոտենցիալ ունեն և ինչո՞ւ:

-Մենք այժմ կենտրոնանում ենք մի քանի ուղղության վրա, բայց դա չի նշանակում, որ մնացածը չունեն պոտենցիալ: Կենտրոնի հիմնական գերակա ուղղություններ են` տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և գյուղ վերամշակումը, կրթությունը, հանրային կառավարման համակարգը, հարկային և մաքսային վարչարարությունը:

Մի քանի գաղափար որպես հիմք ենք ընդունել: Հայաստանն ունի արդյունավետության խնդիր: Մեր մարդկային ռեսուրսի մոտավորապես 50 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Հետխորհրդային երկրներում մեզնից առաջ է միայն Ռուսաստանը, բայց միևնույն ժամանակ մեր ՀՆԱ-ն գտնվում է ցածր մակարդակի վրա, երկրի ընդհանուր արտադրողականությունը ցածր է: Դրանից հետո գալիս է հաջորդ հարցը` գտնել այն ուղղությունները, որոնք կարող են բարձր արտադրողականություն ունենալ և տնտեսական աճ ապահովել: Դրանք պետք է միտված լինեն դեպի ոչ թե տեղական, այլ արտասահմանյան շուկաներ: Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկայով, հետևաբար այստեղ աշխատելիս չես կարող շատ մեծանալ: Որոնք են այն ոլորտները, որոնց միջոցով կարող ես սահմաններից դուրս գալ: Դա, ինչպես ես նշեցի, տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաներն են, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը:

Գյուղատնտեսության առումով, մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որտեղ որակյալ մթերքի պահանջարկ կա: Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում և այլ երկրներում հայկական արտադրանքի պահանջակը մեծ է: Հիմա խնդիրն այն է, թե ինչպես անել, որպեսզի փոքր ծավալներից անցնենք մեծ ծավալների և միաժամանակ ապահովենք նույն ստանդարտը՝ միշտ, այն, ինչ շուկան է պահանջում: Շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա արտադրել ոչ միայն ներքին սպառման համար, այլև արտահանման նպատակով: Երբ ընկերությունը աշխատում է նաև արտահանման ուղղությամբ, շուկայի ծավալները, ամբողջ բիզնես մոդելը, ներդրումների քանակը էապես մեծանում են, իսկ արտադրության որակը բարձրանում է:

-Արդյոք կենտրոնը համագործակցում է միջազգային կառույցների հետ: Ինչ ծրագրերի իրականացման ուղղությամբ է այդ համագործակցությունը:

- Կենտրոնի առաջին քայլերից մեկը եղել է միջազգային կառույցների հետ համագործակցության եզրերի բացահայտումը: Մեր կենտրոնն աշխատում է Հայաստանում գտնվող բոլոր միջազգային կառույցների հետ, պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ: Փորձել ենք հասկանալ, թե իրենք ինչ գործունեություն են ծավալում և բացատրել մեր գործունեությունը: Միջազգային կառույցները պետք է ընկալեն, թե ինչի համար է ստեղծվել այս կենտրոնը և ինչով է զբաղվում, որոնք են այն կետերը, որտեղ մենք կարող ենք միավորել մեր ջանքերը, որն է մեր առաջարկը իրենց և այն օրակարգը, որով մենք առաջնորդվում ենք:

Եվրոպական Միության հետ շատ սերտ համագործակցություն ունենք, տարբեր ծրագրերի շուրջ իրար հետ աշխատում ենք` ռազմավարության, տեսլականի մշակման ուղղությամբ և այլն: Մենք ակտիվ համագործակցում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ՝ նրանք մեզ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ են տրամադրում:  

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ նույնպես մի քանի ծրագրերի շրջանակներում կա համագործակցություն:

Վերջերս մեզ Ռուսաստանից այցելեցին Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ներկայացուցիչները, մայիսին նախատեսվում է նաև մեր այցը Ռուսաստան, որտեղ արդեն կոնկրետ ծրագրերի մասին կխոսենք: Նրանց այցելության ժամանակ արդեն մի քանի ծրագրեր նախանշվել են, այնպես որ մեծ ակնկալիքներ կան, որ իրենց հետ համագործակցությունը կշարունակվի:

Այս ամենի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ միջազգային կառույցները ողջունում են այն, ինչ անում ենք և ցանկանում են Կենտրոնը տեսնել որպես ինտերակտիվ հարթակ և կայուն, երկարաժամկետ  գործընկեր:

Բացի այդ, Կենտրոնը աշխատում է ապահովել կապը մասնավոր հատվածի հետ, մասնագիտական կարծիք հայտնել և ստանալ նրանցից և այլն: Մենք, ըստ էության, կամուրջն ենք հանդիսանում մասնավորի և պետական կառույցների միջև: Կենտրոնը բաց է բոլորի համար:

-Հայտնի է, որ կենտրոնի գերակա նպատակներից մեկը պետական կառավարման համակարգի օպտիմալացումն է: Այս առումով ինչ աշխատանքներ են տարվում:

-Արդեն մի քանի ամիս է աշխատում ենք այս ուղղությամբ: Կառավարությունում թիմ է ձևավորվել, որտեղ մեր գործընկերները աշխատում են պետական կառավարման  համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Առաջին փուլում մենք ցանկանում ենք  որոշակիորեն փոխել քաղաքացիական ծառայության օրենսդրությունը: Առաջին փոփոխությունն այն է, որ մենք ուզում ենք ապակենտրոնացել այդ համակարգը և ավելի թիրախային դարձնել, ինչպես նաև անձնագրավորումը փոխել: Ցանկանում ենք փոխել նաև մոտիվացիոն մեխանիզմը, այդ թվում՝ քաղծառայողների վերապատրաստման գործընթացը  դարձնելով ավելի թիրախային, ըստ մասնագիտության, այլ ոչ թե ընդհանուր: Բացի այդ, քաղաքացիական ծառայության շրջանակն ենք ուզում մեծացնել: Այսինքն` կան հատուկ ծառայություններ, որոնք քաղաքացիական ծառայության մեջ չեն մտնում. հետագայում այդ ծառայությունների մի մասը ևս կմտնի քաղծառայության ոլորտ:

Հաջորդ փուլում ֆունկցիոնալ վերանայում ենք նախատեսել: Այս ամենը հնարավոր է իրականացնենք միջազգային փորձագետների հետ համատեղ: Այսինքն` վերլուծելու ենք ամբողջ պետական կառավարման ապարատը, ուսումնասիրելու ենք բոլոր գործառույթները. որոնք են իրականցվում վատ կամ ընդհանրապես չեն իրականացվում, կամ կրկնվում, որոնք են արդյունավետ գործում,  սակայն ռեսուրսները քիչ են և այլն:

-Վերջերս, Հայաստանում Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող գործընթացն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ դուք ներկայացրիք Կայուն զարգացման նպատակների ազգայնացմանը համահունչ ծրագրեր: Որոնք են այդ ծրագրերը, ինչ ուղղություններով:

- Մենք ուսումնասիրելու ենք, թե որքանով է մեր այսօրվա ռազմավարությունը  համահունչ կայուն զարգացման  նպատակների հետ: Մենք արդեն տեսնում ենք մի քանի համահունչ ուղղություն  և մեր կենտրոնը այդ ծրագրի հետ կապը պահպանելու է, մյուսներն էլ զարգացնելու ենք ըստ առաջնայնությունների և ժամանակացույցի:

Այս առումով մենք քննարկում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ Կայուն զարգացման նպատակների լաբորատորիա ստեղծելու գաղափարը, որը անալիզ է անելու է մեր բարեփոխումները՝ թե որքանով են համահունչ կայուն զարգացման նպատակների հետ, արդյոք մենք հասնում ենք հաջողության կայուն զարգացման տեսանկյունից:

Երկրորդ` միջոլորտային բարեփոխումներն ենք ուսումնասիրելու, քանի որ երբեմն խնդիր է առաջանում, երբ մի նախարարությունն իր տեսանկյունից է նայում նույն հարցին, մյուս նախարարությունը իր տեսանկյունից և երկու նախարարությունների արանքում բաց է մնում: Միշտ չէ, որ այդ բացը ինչ-որ մեկը լրացնում է: Ուստի անհրաժեշտ է լինում երկուսը իրար հետ համադրել, երկուսի տեսանկյունից նայել և այլն: Այդ լաբորատորիաները հենց այդ աշխատանքի համար են պետք,  որպեսզի ապահովեն համադրությունները:

-Արդյոք կենտրոնը աշխատում է արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:

-Ներկայումս այդ ուղղությամբ չենք աշխատում: Օրենսդրական բարեփոխումների մասով՝ կարող եմ ասել, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ աշխատում ենք օտարերկրյա ներդրումների մասին օրենքի նախագծի վրա: Հուսով եմ, որ այդ նախագիծը կմտնի առաջիկայում Ազգային ժողով:

-Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանում երկարաժամկետ լուծում պահանջող ոլորտները:

-Կրթությունը և պետական կառավարումը: Մարդիկ այս ոլորտներում արագ փոփոխություններ են ակնկալում, սակայն հնարավոր չէ դրանք շուտ իրականացնել: Մենք ցանկանում ենք Հայաստանի կրթական համակարգը դարձնել ժամանակակից և այնպես անել, որ ներկայիս  կրթությունը պատասխանի այսօրվա և նաև վաղվա հարցերին: Այդ ամենի համար ժամանակ է անհրաժեշտ:

 Հնդկաստանը տարեկան 50 հազար աշխատատեղ է կորցնում, որովհետև այդ աշխատատեղերին փոխարինում է տեխնոլոգիան: Նույն իրավիճակում է ԱՄՆ-ը: Ապագայում այդ խնդիրը կարող է առաջանալ նաև Հայաստանում, ինչի հետևանքով քաղաքացին կարող է գործազուրկ մնալ:

Մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի հմտություններ պետք է տանք մեր դպրոցականներին, ուսանողներին, որպեսզի 10 տարի հետո այդ մարդկանց պահանջարկը լինի: Դա շատ բարդ խնդիր է ու հնարավոր չէ մի քանի ամսվա ընթացքում լուծել:

Նույնը պետական համակարգում. ոչ ոք չի կարող արագ, մի գիշերում ինչ-որ բան փոխել, որովհետև հսկայական համակարգ է և այդ համակարգում կան տարբեր բաղադրիչներ, որոնք կապված են իրար հետ: Եթե ցանկանում ես ինչ-որ բան փոխել, պետք է համակարգային նայես երևույթներին:

Կենտրոնի բացման օրվանից մենք մեկ ամիս ուսումնասիրել ենք տարբեր ոլորտները, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչ ծրագրեր կան, ովքեր են շահառուները, ինչ խնդիրներ կան ոլորտներում և այլն, որպեսզի կենտրոնը ոչ թե դառնա խանգարող այդ գործընթացներին, այլ աջակցող:

Մենք դնում ենք մեր առջև տարբեր հարցադրումներ, խնդիրներ և այդ հարցադրումներին և խնդիրներին լուծում տալիս և այսպես առաջ շարժվում:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]