Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Ժան-Լյուկ Մելանշոնը Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում ապրիլի 24-ը կներառի հիշատակի օրերի օրացույցում


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պարագայում Ժան-Լյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին և հանդես կգա այդ օրը Ֆրանսիայի Հանրապետութ յան հիշատակի օրերի օրացույցում ներառելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մելանշոնի ընտրարշավի կազմակերպիչներից Շառլոտ Ժիրարը:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք ողբերգական ցեղասպանություններից մեկն է: Դա կարևոր է ոչ միայն հայ համայնքի համար, այլև դաս է մարդկության համար: Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները այսօր ևս անհանգստացնող արձագանքներ են առաջացնում, եթե դիտարկենք այն քայլերը, որ թուրքական պետությունը նախաձեռնել է Սուրում և Ջիզրեում քրդական համայնքի հանդեպ»,- Մելանշոնի խոսքը մեջբերել է Շառլոտ Ժիրարը:

Նրա փոխանցմամբ՝ Մելանշոնը կողմ է առհասարակ մարդկության դեմ հանցագործությունների, հատկապես ցեղասպանությունների ճանաչմանը: Ըստ նրա՝ ավտորիտարացման ճանապարհ բռնած թուրքական պետությունն Էրդողանի գլխավորությամբ ներգրավված է պատմության վերանայման մեջ, այդ թվում և 1915թ. խնդրով:

Միաժամանակ Մելանշոնը ողջունել է Ֆրանսիայի հայ համայնքի ջանքերը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ֆրանսիայի հայ համայնքը, որը մեծապես ցեղասպանության արդյունքում է առաջացել Ֆրանսիայի ժողովուրդների խճանկարի կարևոր մասն է կազմում: Ի թիվս այլ համայնքների չի կարելի մոռանալ հայկական ծագմամբ բազմաթիվ ֆրանսիացիների ներդրումը գեղարվեստի, գիտության, սպորտի ու քաղաքականության մեջ: Կցանկանայի այս առումով հիշել Հայաստանի զավակներից մեկին, ով դարձավ մեծ ֆրանսիացի հայրենասեր, և ով մասնավորապես մոտ է իմ սրտին, այս պահին մտածում եմ բանաստեղծ ու դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի մասին: Միսաք Մանուշյանը մեր Ֆրանսիան է՝ դիմադրող, խելացի, համարձակ»,- նշել է Մելանշոնը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ