Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Բուրսայում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը


ԳՅՈՒՄՐԻ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրսայում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Բուրսայի «Մշակույթի կենտրոն»-ում ապրիլի 11-ին մեկնարկած ցուցադրությունը արվեստասերների առջև բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:

«Մարդկանց մոլորակը» շարժման շրջանակներում, Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Բուրսայում, իսկ ապա նաև Ստամբուլում կներկայացվի հայ 12 արվեստագետի ավելի քան 50 գործ և ևս 3 վիդիո-արտ: Նախագիծը միայն այսքանով չի ավարտվի՝ այս երկու ցուցադրությունները կեզրափակվեն «Բամբիռ» խմբի «Կապույտ գնդակ» համերգային ծրագրով: Թուրքիայի իր մեծությամբ 3-րդ քաղաքում նմանատիպ առաջին մեծ նախագիծն է՝ հայ արվեստագետների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արվեստագետ Կարեն Բարսեղյանը, ով ևս մասնակցում է նախաձեռնությանը, արվեստագետների աշխատանքներն այս պահին ցուցադրվում է Բուրսայում: Կարենն այս նախագծին ներկայացրել է բոլորովին նոր աշխատանքների շարք՝ իրեն հատուկ ջինսային լուծումերով: Թուրքիայում ներկայանալու առաջարկությունը եղել է Անադոլու Կուլտուր (Anadolu Kultur) կազմակերպության և անձամբ նրա ղեկավար Օսման Կավալայի կողմից: Նախաձեռնությանն աջակցել են Եվրամիությունը և Բուրսայի քաղաքապետարանը՝ համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գալերի 25»-ի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը, միտքը սկիզբ է առել Արմեն Տեր-Մկրտչյանի համանուն ցուցադրությունից ու գնալով դարձել շարժում՝ իր մեջ կրելով Անտուան դը Սենտ Էքզյուպերիի՝ «Միակ իսկական շքեղությունը մարդկային հաղորդակցության շքեղությունն է...» խոսքերը: Այսպես «Մարդկանց մոլորակը» ցուցադրությունը «Գալերի 25»-ի նախաձեռնությամբ վերածվեց արտ-շարժման, որին միացան ու դեռ միանում են տարբեր արվեստագետներ՝ տարբեր երկրներից: «Արմեն Տեր-Մկրտչյանի ցուցահանդեսը կամաց-կամաց վերածվեց մեծ նախաձեռնության, որն իր մեջ ներգրավում է տարբեր արվեստագետների ու ստեղծագործողների՝ ամեն մեկը յուրովի միանալով այս շարժմանը՝ մարդկային շփման կարևորագույն գաղափարին: Սա մեզ համար անչափ կարևոր է ու ինքնաբուխ»,-հավելեց Ալեքսան Տեր-Մինասյանը՝ ավելացնելով, որ շարժումը միշտ բաց է ցանկացած արվեստագետի ու ստեղծագործողի լավ ու հետաքրքիր գաղափարի համար:

Արմենուհի Մխոյան



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ