Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետն առաջիկա տարիներին Թուրքիայում լարված իրավիճակ է կանխատեսում

Քաղաքագետն առաջիկա տարիներին Թուրքիայում լարված իրավիճակ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո առաջիկա տարիներին իրավիճակը լարված կմնա: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարվածությունը պահելու ու հետո այդ իրավիճակից ինչ-որ ձևով հաղթող դուրս գալու համար: «Էրդողանը ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում լարված մթնլորոտը պահպանելու և ինչ-որ կերպ գործընթացը հաղթահարելու համար: Առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում՝ մինչև ընտրությունները, այս իրավիճակն է լինելու Թուրքիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Իսկանդարյանը:

Նրա գնահատմամբ` սահմանադրական հանրաքվեի արդյունքում Թուրքիան գնում է Ադրբեջանի ճանապարհով: Քաղաքագետը Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն «կեղտոտ» բառով է բնութագրում. «Նախորդ ընտրությունների համեմատ այս հանրաքվեին շատ քիչ թվով քրդական համայնքի ներկայացուցիչներ են մասնակցել: Ամեն ինչ արվել է, որ մարդիկ տեղամասեր չգնան, եղել է ձայների հստակ բաժանում, սակայն ամեն ինչ այդքան ճշգրիտ չի լինում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա հավելեց, որ սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել երկրի բնակչության առավել կիրթ ու զարգացած  հատվածը, իսկ գյուղական համայնքների բնակչությունը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ խախտման արդյունքում շուրջ 1,5 միլիոն քվե ավելի է հաշվվել «այո»-ի օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]