Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական արմատներով հաղորդավարուհին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով ու Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը: 

Մինչ այդ, Թինա Կանդելակին Մխիթարյանի հասցեին գովասանքի խոսքեր էր հնչեցրել «Թվիթեր»-ում, որտեղ հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել ֆուտբոլիստի և հաղորդավարուհու միջև: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» խաղից հետո, որում իր թիմի կազմում երկրորդ գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը, Թինա Կանդելակին Թվիթերի իր միկրոբլոգում, տեղադրելով Մխիթարյանի հեղինակած գոլի տեսագրությունը, հայերեն կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Հենրիխ Մխիթարյանը Կանդելակիի գրառումն անպատասխան չէր թողել. «Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»: 

Թինա Կանդելակին իր հերթին արձագանքել էր Հենրիխ Մխիթարյանի գրառմանը. «Իմ մայրը ձեզ սիրում է, այնպես որ Թբիլիսիի բոլոր հայերը ձեզ հետ են»:

«Շատ շնորհակալ եմ ձեր մայրիկին և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»,- արձագանքել էր Մխիթարյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ