Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չնայած Իսրայելի ժխտողականությանը՝ իսրայելցիները հաստատապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը. Յաիր Աուրոն

Չնայած Իսրայելի ժխտողականությանը՝ իսրայելցիները հաստատապես ճանաչում են 
Հայոց ցեղասպանությունը. Յաիր Աուրոն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Իսրայել պետությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սակայն իսրայելցիներն այս հարցում ողջ հայերի կողքին են: Հրեա ժողովուրդը հաստատապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց իսրայելցի հետազոտող և դասախոս, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Իսրայելը այս և գալիք տարիներին չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը խոր ցավ ու ամոթ է ինձ համար: Սակայն Իսրայելի ժողովուրդն իմ մոտեցումն ունի և հարյուր տոկոսով մեզ հետ է: Մինչև 30 տարի առաջ ժողովուրդը գաղափար անգամ չուներ հայերի ցեղասպանության մասին, բայց հիմա բոլորը գիտեն: Այդ տարիներից սկսած բազմաթիվ լրագրերում, հեռուստաեթերում սկսեցին խոսել այդ մասին: Ժողովուրդն էլ կարդալով, լսելով, եկավ այն եզրակացություն, որ հայերի ցեղասպանությունն իսկապես եղել է: Այսօր հրեական համալսարաններում և դպրոցներում անցնում, ուսումնասիրում են միայն հրեաների ցեղասպանությունը և ոչ հայկականը: Սակայն այն համալսարանում, որտեղ ես եմ դասավանդում, արդեն բացել եմ մի ճյուղ, որ խոսվի, քննարկվի Հայոց ցեղասպանության մասին»,-ասաց Յաիր Աուրոնն ու հավելեց, որ արդեն հարյուրավոր ուսանողներ են ավարտել համալսարանն, ովքեր գիտեն Հայոց ցեղասպանության մասին: 

Ցեղասպանագետը Մեծ եղեռնով սկսել է հետաքրքրվել, երբ առաջին անգամ 1986 թվականին լրագրում կարդացել է, որ Իսրայելը Թուրքիայի կողմնակիցն է և ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Նրա համար անհասկանալի է եղել իր պետության՝ Իսրայելի ժխտողականությունը: Յաիր Աուրոնը կարծում է, որ հայերը պետք է շարունակեն պայքարը մինչև մյուս երկրներն ու ժողովուրդներն էլ ճանաչեն այն: Նա ընդգծում է, որ ժխտողականությունը միայն հայերի և թուրքերի խնդիրը չէ, այն միջազգային հարց է և պատկանում է մյուս ազգերին ևս:

Խոսելով միջազգային հանրության դիրքորոշման մասին՝  Յաիր Աուրոնը նշում է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունում կա մոտ 200 երկիր, որոնցից ընդամենը 2-3 տասնյակն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը մեծ ամոթ է մարդկության համար:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ մարդկության խնդիրն է: Սա քաղաքականությունից վեր  բարոյական խնդիր է: Ամբողջ մարդկության համար բացասական կետ է թեկուզ մեկի ժխտողականությունը: Իմ հայ եղբայրներին խորհուրդ եմ տալիս պայքարել  դրա դեմ»,-ասաց  Յաիր Աուրոնն ու նշեց, որ այդ պայքարում պետք չէ կենտրոնանալ միայն ժխտողականության վրա, պետք է որպես պայքարի ձև օգտագործել այն հարստությունը, որն ինքը հասցրել է տեսնել Հայաստանում՝ Կոմիտասի կողքին գտնվող բազմաթիվ գրողներին, երգիչներին…

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]