Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո անցկացվեց

 ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո 
անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ «Երարդշինի» եւ անձամբ Լեւոն Շահբազյանի անվան հետ է կապված բազմաթիվ արդյունաբերական, կուլտուր-կենցաղային, բնակելի շենքերի եւ այլ կառույցների շահագործման հանձնումը: ««Երարդշինը» առաջին անգամ Նորքի զանգվածում շտապօգնության հիվանդանոցի եւ հարակից պոլիկլինիկայի շենքերի կառուցման մեջ օգտագործեց կոնստրուկտիվ համակարգի միութենական սերիայի հիմքի վրա «Հայպետնախագիծ» ինստիտուտի մշակած հավաքովի կոնստրուկցիաների նոր սերիան: Այսպիսով, նոր սերիայի կարկասային քաղաքացիական շենքերի կառուցման գործում եւս տրեստն առաջիններից էր»,-հավելեց նա:

Լեւոն  Շահբազյանն իրականացրել է նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի ու Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի վերանորոգման աշխատանքները։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական, Շինարարների միության պատվավոր անդամ Վովա Մարգարյանը Լեւան Շահբազյանին հանդիպել է դեռ 1963-64 թթ․-ին եւ այդ տարիներից սկսած ընկերացել վերջինիս հետ: «Այդ ժամանակ ես 23  տարեկան էի, իսկ նա՝ 31։ Նա իր բոլոր ընկերներին, սկսած մանկության տարիներից, ընդունում էր այնպիսին, ինչպիսին կային։ «Նրա համար տարբերություն չկա, թե ով ինչ պաշտոն կամ դիրք ունի հասարակության մեջ, կրթված է, թե ոչ, քանի որ բոլորին ընդունում էր՝ ելնելով իրենց մարդկային հատկանիշներից։ Պատահական չէ, որ ինքը նույնպես սիրված եւ գնահատված էր բոլորի կողմից»,- ասաց Մարգարյանը։

Լեւոն Շահբազյանը շուրջ 50 տարի աշխատել է շինարարության ոլորտում՝ աշխղեկից մինչեւ շինարարական տրեստի կառավարիչ եւ շինարարության նախարար:

1986թ. Լ․ Շահբազյանը նշանակվել է հանրապետության արդյունաբերության շինարարության առաջին փոխնախարար, իսկ երկու տարի անց` նախարար: Նրան էր վստահվել Երեւանի զարգացման հեռանկարային ծրագրի իրականացման աշխատանքները:

Նա մեծ ճանաչում է ունեցել նաեւ Խորհրդային Միությունում: Պատահական չէ, որ հենց նրան էր վստահվել Մոսկվայում Լազարյան ճեմարանի վերակառուցման (1987 թ.), մոսկովյան օլիմպիական խաղերի համար նախատեսված հյուրանոցային համալիրների (1980 թ.), Ուրենգոյում բնակելի շենքերի կառուցման (1986 թ.) եւ այլ աշխատանքների ղեկավարումը:

Շահբազյանը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաեւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, աղետի գոտուց ստացվող գործընկերների առաջարկները համադրելով միության լավագույն մասնագետների կարծիքների հետ։                  

Իր երկարամյա գործունեության եւ աշխատանքին նվիրվածության համար Լեւոն Շահբազյանն արժանացել է մի շարք հեղինակավոր կոչումների, ինչպես օրինակ՝ ՀՀ պետական մրցանակի դափնեկրի, Հայաստանի վաստակավոր շինարարի, Երեւանի պատվավոր քաղաքացու եւ Ռուսաստանի պատվավոր շինարարի կոչումներին: Իսկ 2002 թ.-ին ստացել է նաեւ Հայաստանի շինարարների միության առաջին պատվավոր անդամի կոչումը:

Շահբազյանի դպրոցն անցած կադրերից շատերն այսօր շինարարության ոլորտի հայտնի դեմքեր են, հմուտ կազմակերպիչներ, ինժեներներ:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ունի Շահբազյանի անվան լսարան եւ հուշամեդալ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]