Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արաբագետը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ձեռնտու է համարում ընդդիմության համար

Արաբագետը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ձեռնտու է համարում 
ընդդիմության համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ձեռնտու էր սիրիական ընդդիմությանը և նրանց արտաքին հովանավորներին, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ապրիլի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Նրանց պետք էր մի իրավիճակ, որպեսզի առանց իրենց մասնակցության իրականացվող գործընթացներն արգելափակվեն, մասնավորապես, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայում հաստատված հարաբերական զինադադարը։ Շատ հավանական է, որ այս աղմուկը բարձրացվեց նրանց ցուցումներով, որի հետևանքն էլ եղավ Ամերիկայի կողմից նման զանգվածային հրթիռակոծությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արմեն Պետրոսյանը։

Փորձագետի համոզմամբ` քիմիական զենքի կիրառումը նախազգուշական քայլ էր, քանի որ հարվածից առաջ նախազգուշացվել է ռուսական կողմը, այնուհետև տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները, և հարվածն իրականացվել է այնպես, որ դրանից հնարավորինս քիչ մարդ տուժի։ Նրա խոսքով` քիմիական զենքի կիրառումը պարզապես առիթ էր, որպեսզի ԱՄՆ-ն անցնի ակտիվ գործողությունների: «Մինչ այս Թրամփի վարչակարգն աչքի էր ընկնում միայն հայտարարություններով և «Իսլամական պետության»  դեմ պայքարի նոր ռազմավարության մշակմամբ։ Կարելի է պայմանականորեն ասել՝ ԱՄՆ-ն վերադառնում է սիրիական հակամարտություն»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Արաբագետը բացառում է, որ քիմիական զենքի կիրառումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կամ սիրիական բարձրագույն իշխանությունների գիտությամբ։ Ըստ նրա՝ վերջին շրջանում կատարված գործընթացները բխում էին հենց նրանց շահերից, սիրիական իշխանությունն ունենում էր հաղթանակներ թե՛ «Իսլամական պետության»,  թե՛ ընդդիմության նկատմամբ:  Բացի այդ, փոխվել էր նաև Բաշար ալ Ասադի հանդեպ վերաբերմունքը Սիրիայի սահմաններից դուրս: «Մինչև անգամ ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Սիրիայում իրենց թիվ 1 թեման  ոչ թե Բաշար ալ Ասադի հեռացումն է, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։ Այս հայտարարությունն արվել էր քիմիական զենքի կիրառումից ընդամենը 2 օր առաջ։ Հետևաբար նման պայմաններում անտրամաբանական կլիներ սպասել սիրիական իշխանությունների կողմից նման գործողություն»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետը։

Ըստ Արմեն Պետրոսյանի` այս գործողությունները լուրջ հետևանքներ չեն ունենա, եթե ռուսական կողմը խնդիրը տեղափոխի դիվանագիտական հարթություն և ավելի չսրի իրավիճակը: Սակայն այս իրավիճակը կարող է հետագա սադրանքների առիթ հանդիսանալ: «Դիվանագիտական մակարդակում գուցե հարցի քննարկում գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ուղղակի շփումներ լինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրագույն իշխանական շրջանակների միջև։ Սիրիական հակամարտության շրջանակներում մինչ այս տեղի ունեցած իրողությունները, կարծում եմ, կխափանվեն գոնե որոշ ժամանակ։ Իմ համոզմամբ՝ կողմերը կտրուկ սրացման պատրաստ չեն և չեն գնա»,-եզրափակեց նա։

Սիրիայի Իդլիբ նահանգում ապրիլի 4-ին կիրառված քիմիական զենքի կիրառման մեջ արևմտյան երկրները մեղադրում են Սիրիայի կառավարական բանակին: Վերջինս հերքում է մեղադրանքը: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սկսվել են հարցի շուրջ քննարկումները:

Մարիամ Բաբայան

Նոռա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]