Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Որոշել էինք կարոտել իրար. Անդրե Սիմոնյան

Որոշել էինք կարոտել իրար. Անդրե Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը վեց ամսով գործունեությունը դադարեցնելուց հետո՝ ապրիլի 17-ին, Հայաստանում ապրող երկրպագուներին կուրախացնի համերգային ծրագրով, որը կկայանա Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Խումբը կներկայացնի 11 տարվա գործունեության ընթացքում հիթ դարձած բոլոր երգերը՝ 4 ալբոմներից: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ:


-Ծնվել եք Թավրիզում, երկար տարիներ ապրել Անգլիայում: Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք գալ Հայաստան:

-Թավրիզը Պարսկաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, ինչպես Գյումրին՝ Հայաստանում: Ցեղասպանությունից հետո պապս ապաստան է գտել այնտեղ: Թավրիզում մշակութային կյանքը շատ բուռն էր. ներկայացումներ, ֆիլմեր, համերգներ… Հետագայում ընտանիքիս հետ տեղափոխվեցի Անգլիա: 11 տարի ապրել եմ այնտեղ, հետո հաստատվել Հայաստանում:

Քանի որ պապիկս ստիպված է եղել լքել Հայաստանը, ողջ կյանքում  երազել է վերադառնալ հայրենիք: Նա 97 տարեկանում եկավ Հայաստան և մինչև 103 տարեկանն ապրեց Երևանում: Նրա մահից հետո ես եկա հայրենիք, որպեսզի մեր ընտանիքից գոնե մեկն ապրի այստեղ:

-Վաղու՞ց եք սիրահարված երաժշտությանը: Ընտանիքում երաժիշտներ կա՞ն:

-Մինչ 18 տարեկանը տարված էի սպորտով. սիրում էի ֆուտբոլ խաղալ: Երաժշտության նկատմամբ սերը պատահաբար ու միանգամից ծնվեց: Քույրս կիթառ գնեց, այն ինձ հետաքրքրեց: Հարկ եմ համարում ընդգծել, որ իմ ստեղծագործական կյանքում ինձ ավելի շատ գրավում է երգեր գրելը, քան պարզապես նվագելը, ձայնագրվելը կամ տեսահոլովակներ նկարահանելը: Անգամ հիմա ես ինձ լավ կիթառահար չեմ համարում: Կարծում եմ, որ ավելի լավ երգահան եմ, քան վոկալիստ կամ կիթառահար:

-Իսկ ի՞նչն է ձեզ ոգևորում ստեղծագործելիս:

-Առաջին հերթին ինձ արվեստն է ոգևորում. լինի երաժշտություն,  նկարչություն, թե այլ բան, քանի որ արվեստը փախուստ է կյանքից, առօրյայից: Իմ կյանքի որոշակի փուլում փնտրում էի մի բան, ինչը կամբողջացներ օրս, և այդ նորությունը երաժշտությունն էր: Սկզբնական փուլում ծանր ռոքն էի նախընտրում: Ընկերներս զարմացան, երբ ընտրեցի ակուստիկ կիթառը: Սիրում եմ էլեկտրոկիթառը, բայց  որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ տարվում ակուստիկ, մեղեդային, օրգանիկ, առանց այլ էֆեկտների երաժշտությամբ:

-Երկար տարիներ համագործակցում եք «The Beautified Project»-ի անդամներ Արմենի և Առլենի հետ: Ստեղծագործական պահերին հակասություններ լինու՞մ են:

-Երբ հանդիպեցի Արմենին ու Առլենին, նրանք 19 տարեկան էին: Նրանց երաժշտական ճաշակը դեռ լիարժեք չէր ձևավորվել, և աշխատելը հեշտ էր: Երբ տղաներն ավելի հասուն դարձան, տարաձայնություններն ավելացան:

 Առաջ ես ասում էի, թե այսպես կամ այնպես եմ ուզում, և կրտսեր գործընկերներս համաձայնվում էին, իսկ հիմա հարցնում են, թե ինչու՞: Խմբի վերջին ալբոմն ավելի շատ իմն ու Առլենինն է, նախորդը՝ Արմենինն ու իմը: Արմենը ծանր երաժշտության կողմնակից է: Նա իր սոլո երաժշտությունն է ստեղծում, և դա օգնում է ինքնարտահայտվել: Արմենը պրոգրեսիվ երաժշտության կողմնակից է: Իմ և Առլենի ճաշակներն ավելի են համընկնում:

-The Beautified Project խմբի երգերն անգլերեն լեզվով են, ինչու՞: 

-Միշտ ցանկացել եմ ստեղծել խումբ, որը կներկայացնի Հայաստանը անգլերեն լեզվով: Մենք փորձում ենք մեր զուռնա-դհոլը մատուցել աշխարհին, սակայն, ցավոք, այն չի կարող գրավել լայն մասսաներին: Մենք չենք լսում շվեդական, գերմանական էթնո երաժշտություն, բայց լսում ենք շվեդական «ABBA» կամ գերմանական «Scorpions» խմբերի երգերը: Ուզում էի, որ Հայաստանն ունենար համաշխարհային հանրության համար մատչելի լեզվով երգող խումբ: Կարծում եմ՝  այդ մեզ մոտ ստացվել է:

-Դժվար է ռոք խումբը պատկերացնել առանց հարվածային գործիքների: Ինչու՞ ձեր խմբի հիմնական կազմում չկան բաս կիթառահար և հարվածային գործիքներ նվագող երաժիշտ:

-Պատճառները տարբեր են: Իմ խմբի անդամները պետք է նվագեն միայն իմ խմբում:  Արմենը, Առլենն ու ես ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք տարբեր ծրագրեր, բայց The Beautified Project-ը մեր հիմնական ու կարևորագույն նախագիծն է:

Հայաստանում հարվածային գործիքներ նվագող երաժիշտների պակաս կա, և նրանցից շատերը միաժամանակ հանդես են գալիս մի քանի տարբեր խմբերում: Ես չէի ցանկանում, որ մեր խմբի երաժիշտը նվագեր այլ խմբերում, քանի որ դա շեղում է, հեռացնում մեր ասելիքից ու գաղափարից: Նույնը վերաբերում է նաև բաս կիթառահարին:

-Երգ գրելիս ի՞նչ որոշակի նպատակ եք հետապնդում:

-Ես միշտ նշում եմ, որ մեր խմբի առաջին՝ «Behind the happy mask» ալբոմն ամենաանկեղծն է, քանի որ որևէ կոնկրետ լսարանի համար չի գրվել: Իսկ հետո մենք միայն փորձել ենք անկեղծ մնալ: Սակայն անկեղծությունը ժամանակի ընթացքում որոշ չափով նվազում էր, քանի որ հստակ գիտակցում էինք, թե ինչն է դուր գալու, հետևաբար գրում էինք երգեր, որոնք հաճելի են ու գնահատված մեր լսարանի կողմից:

-Հաճախ ասում են, որ ռոքը ագրեսիա է առաջացնում: Համամի՞տ եք այդ կարծիքին:

-Մարդկանց մոտեցումները երևույթների վերաբերյալ տարբեր են: Ոմանք դանակը դիտարկում են որպես միրգ կտրելու գործիք, իսկ մարդասպանն այն այլ նպատակով է օգտագործում: Ամեն բան սև և սպիտակ չէ:  Ասում են՝ ռոքը բողոք է, սատանիզմ է քարոզում, բայց այդպես չէ: Դրանք շատ պարզունակ, հասարակ մեկնաբանություններ են:

-Ինչպե՞ս եք գնահատում ռոք արվեստը Հայաստանում:

-Առողջ մթնոլորտ է:  Չմոռանանք, որ  փոքր երկրում ենք ապրում, սակայն կարողանում ենք 1000-հոգիանոց դահլիճ լցնել: Դա ապացուցվեց վերջերս Հայաստանում իրականացված «Music Drive Fest»-ի ժամանակ, երբ Հայաստան ժամանեցին արտասահմանյան խմբեր ու տեղի ռոք խմբերի հետ երեք օր համերգներ տվեցին: Կարծում եմ՝ առողջ լսարան կա:

-Հարցազրույցներում նշում եք, որ ցանկանում եք արվեստի միջոցով բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Մենք որոշ չափով պահպանողական ազգ ենք. դուք չե՞ք վախենում, որ ձեր ծրագրերը սվիններով կընդունվեն հանրության լայն շրջանակի կողմից:

-Եթե մենք պետք է այդ պատճառով կորցնենք երկրպագուների, ավելի լավ, քանի որ ես կցանկանամ, որ մեզ լսողները մեր գաղափարներն ընդունեն: Երբ խոսում եմ հայ-թուրքական հարաբերությունների մասին, չեմ խոսում Հայաստան-Թուրքիա քաղաքական կապերի մասին: Չեմ ընդունում այժմյան Թուրքիայի վարած քաղաքականությունը, դեմ եմ դրան: Ես խոսում եմ ժողովուրդների կապի մասին: Դա չի նշանակում, որ դեմ եմ ցեղասպանութան ճանաչմանը, ուղղակի կարծում եմ, որ հարևան ժողովուրդները պետք է բարեկամանալու ճանապարհ գտնեն: «Melody for harmony»-ով փաստեցինք, որ կարող է հետաքրքիր բան ստացվել մեր համագործակցության արդյունքում:

-Ապրիլի 17-ին տեղի կունենա The Beautified Project-ի երկրպագուների երկար սպասված համերգը: Ի՞նչ երգեր եք կատարելու, անակնկալներ կլինե՞ն:

-Խումբը մոտ վեց ամիս հանգստանում էր, որոշել էինք կարոտել իրար, մեր երաժշտությանը և նոր լիցքերով սկսել տարին:  Այս համերգին ներկայացնելու ենք մեր լավագույն հիթերը, ամենասիրված երգերը, որոնք գրվել են այս տարիներին: Նոր տեսահոլովակ ենք  նկարահանել «Lost Innocence» երգի հիման վրա: Երգն այն մասին է, որ մարդ ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում կորցնում է իր անմեղությունը: Հոլովակը պարզ է, հասարակ, ինչպես մեր մյուս տեսահոլովակները: Հուսամ, համերգային ծրագիրը կստացվի: Տարին հագեցած կլինի…

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]