Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի հանցագործներին պատասխանտվության կանչելը ժամանակի հարց է. Դավիթ Բաբայան

Ապրիլյան պատերազմի հանցագործներին պատասխանտվության կանչելը ժամանակի 
հարց է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո սահմանային պաշտպանության գործընթացում իրականացված աշխատանքներին:

-Պարոն Բաբայան, ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ի՞նչ դասեր քաղեցինք, և սահմանային պաշտպանությունն ամրապնդելու գործում ինչպիսի՞ առաջընթաց կա գրանցված:

-Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի: Այս ամենը հաշվի առնելով, զգալի փոփոխություններ արվեցին. իհարկե, այդ ամենը մինչև ապրիլյան պատերազմը նույնպես արվում էր, սակայն այս անգամ առավել թիրախավորված իրականացվեց: Եղան բազմաթիվ նորություններ պաշտպանական համակարգում և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, երբևիցե կանգ չի առնելու, քանի դեռ մենք ունենք ագրեսիվ հարևան, հակառակորդ:

-Ապրիլյան պատերազմին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեր ունեցած փաստերն արդյոք բավարար չափով միջազգային հանրությանը ներկայացրեցի՞նք: Եվ այդ ամենի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին ի՞նչ կասեք:

-Տարբեր միջազգային ատյաններում մենք ներկայացրել ենք Ադբեջանի կողմից կատարած վայրագությունների փաստերը, մարդու իրավունքների, միջազգային նորմերի կոպտագույն խախտումները: Դա արվել է թե փաստաթղթերի, թե լուսանկարների, թե վիդիեո նյութերի միջոցով: Օգտագործելով տարբեր խողովակներ` գրեթե ամեն տեղ ներկայացրել ենք այդ փաստերը: Ներկայացման տեսանկյունից այդ գործընթացը կարելի է գնահատել բավարար: Այլ խնդիր է, որ մենք պետք է նաև այնպես անենք, որ հանցագործները կրեն պատասխանատվություն: Այդ տեսանկյունից դեռ խնդիրներ կան, սակայն կարծում եմ, որ մեղավորներին պատասխանատվության կանչելը ժամանակի խնդիր է: Մենք այսօր տեսնում ենք, որ բոլոր այդ հանցագործ անձինք Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվում, հերոսացվում են: Ադրբեջանի հասարակությունը դրանով ցույց է տալիս, որ կան լուրջ խնդիրներ արժեհամակարգի հետ: Պաշտոնական Բաքուն որդեգրել է հայատյացության քաղաքականությունը, իսկ նման քաղաքականությամբ առաջնորդվող ուժերը պարզապես աննորմալ են: Չի կարելի ատել մեկին միայն նրա համար, որ այլ ազգի է, այլ կրոնի:

-Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակում է թե ռազմատենչ հայտարարությունները, թե սահմանային գործողությունները: Այս փուլում ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը թե ռազմական, թե քաղաքական դաշտում:

-Առաջին հերթին պետք է միշտ ամուր պահենք մեր սահմանները, մեր բանակը միշտ պետք է հզոր լինի: Հենց դա է սահմանային պաշտպանության ամենահուսալի գրավականը: Իհարկե, հակառակորդը պետք է ամեն ինչ անի, որ բնակչության առջև ինչ-որ ձևով արդարացնի իր բարոյական, նյութական կորուստները, այսինքն` այդ ագրեսիան միշտ լինելու է: Դրա համար որքան ուժեղ լինենք, որքան համախմբած լինենք, այնքան մեր սահմանային պաշտպանությունը բարձր մակարդակի վրա կլինի: Ադրբեջանի իշխանություններն ապրիլյան պատերազմը զանձազերծելուց համոզված էին, որ հայությունը թույլ է ու կարելի է հաղթել: Իչպես տեսանք, չարաչար սխալվեցին, բայց դա չի նշանակում, որ չեն փորձելու տարբեր ձևերով խարխլել մեր միասնականությունը, այդ թվում, դավաճան Վահան Մարտիրոսյանի ու նրա նմանների միջոցով: Այո, հակառակորդը փորձելու է խարխլել մեր միասնականությունը, սակայն ես ավելի քան համոզված եմ, որ դա ապարդյուն է լինելու:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Հայաստանում, Արցախում, ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք համանախագահների այցից:

-Ամենակարևոր շեշտադրումն այն է, որ եռանախագահող պետությունները հաստատակամ են իրենց տեսլականում, այն է` հակամարտությունն ուժային տարբերակ չունի: Նրանք հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարատև գործընթաց է: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքն առաջին հերթին խաղաղությունն ու կայունությունը պահելու համար, սկսել քաղաքական առումով քիչ խոցելի խնդիրներից, օրինակ, սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմներից, ընդհանուր առմամբ գործընթացին նոր շունչ հաղորդվի: Եթե այս մակարդակում առաջընթաց չեղավ, ապա խոսել բարդ քաղաքական հարցերի մասին, պարզապես լինելու է ոչ տեղին, ոչ էլ այդտեղ հնարավոր է լինելու հասնել առաջընթացի: Այնպես որ, ներկայում կարևոր ուղություններն են կայունության պահպանումը, մեխանիզմների ներդրումը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմերը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չեն կոչվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]