Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը բացում է փակագծերը. կառավարության ծրագրերի հիմնական առանցքը ներդրումներին աջակցությունն է

Հրանուշ Հակոբյանը բացում է փակագծերը. կառավարության ծրագրերի հիմնական 
առանցքը ներդրումներին աջակցությունն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարությունները համատեղ գործունեության նոր մշակույթ են որդեգրել՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի: Առաջիկայում Սփյուռքի նախարարությունը Մշակույթի և Առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնելու է մի շարք ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով օրերս վերոնշյալ նախարարությունների ղեկավարների հետ ստորագրել էր համատեղ հրամաններ: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում որոշվել է ստեղծել 2 նախարարությունների աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբեր, որոնք էլ պատասխանատու են դառնալու ծրագրերի իրականացման գործընթացի համար:

«ՀՀ կառավարության ծրագրերի հիմնական առանցքն այսօր ներդրումային ծրագրերին աջակցության քաղաքականությունն է, այսինքն՝ թե ինչքանով կկարողանանք ներդրումներ բերել հայրենիք: Մեր նախարարությունը համապատասխան առաջարկներով է հանդես եկել և ներկայացրել Սփյուռքի ներուժի օգտագործման իր տեսակետը: Այսօր մենք աշխատանքներ ենք տանում օգտագործելու Սփյուռքի ներուժը, հնարավորությունները Հայաստանի զարգացման համար բոլոր բնագավառներում: Գրեթե բոլոր նախարարների հետ քննարկում ենք ունեցել, դիտարկել ենք այն ոլորտները, որոնց հետ համատեղ աշխատանքի հնարավորություն կա, և սկսել ենք մշակել որոշակի միջոցառումների ցանկ, որոնք պետք է համատեղ իրականացնենք թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ բացի վերոնշյալ նախարարություններից, նաեւ աշխատանքներ են տարվում ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունների հետ համագործակցությունն ընդլայնելու և համապատասխան հրամաններ ստորագրելու ուղղությամբ:

«Մեզ  համար անչափ կարեւոր է մշակութային քաղաքականությունը Սփյուռքում տարածելը, հանրահռչակելը, սփյուռքյան մշակութային գործիչների վերապատրաստելը, մշակութային նորություններին նրանց ծանոթացնելը, որպեսզի հայ մշակույթի միջոցով նաև մեր երիտասարդությանը մոտեցնենք իր ինքնությանը, օժանդակենք հայապահպանության խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, պետք է ասեմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեն տարբեր երկրների առողջապահության զարգացման գործում. մենք տասնյակ հազարավոր բժիշկներ ունենք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կարողանում են շատ ակտիվորեն ծառայեցնել բնակության երկրների մարդկանց առողջության պահպանման գործում: Հատկապես երկրաշարժից հետո մենք ականատես եղանք, թե ինչպես հայ բժիշկները մեծ ներդրում ունեցան Հայաստանի առողջապահության խնդիրների կարգավորման հարցում. նրանք ոչ միայն եկան աղետյալներին օգնելու, եղան Արցախում, աջակցեցին զինվորներին, այլեւ հարյուրավոր հայ բժիշկների կարողացան վերապատրաստել, արտերկրում նրանց աջակցությամբ Հայաստան տեղափոխվեցին միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ: Այսօր եւս այդ կապերը շարունակվում են: Նրանք իրենց արձակուրդն անցկացնում են Հայաստանում, դասախոսում են ու բժշկում,  վիրահատում են և զբաղվում խորհրդատվությամբ:

Ինչպես նշեցի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ հրամանի ստորագրումը ընթացքի մեջ է. ուշադրության կենտրոնում են Սփյուռքի դպրոցների դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման, հայոց լեզվի ուսուցման հարցերը»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարն անդրադարձավ առաջիկա ամիսներին կազմակերպվող մի շարք միջոցառումների, որոնցից կարելի է առանձնացնել. Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումների շարք,  որը ներառելու է ցուցահանդեսների,համերգների կազմակերպում, գիտական համաժողովների անցկացում ինչպես Լեհաստանում, այդպես էլ Հայաստանում: Հետաքրքիր ծրագիր է լինելու «Աշխարհը գյուղում» ամենամյա միջազգային փառատոնը, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հայկական փառատոնի կազմակերպումը, Արգենտինայի հայ համայնքի օրերը Հայաստանում,  Հայ մշակույթի օրերը Ստավրոպոլում, Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, Ատրպատականի հայության օրերը Հայաստանում, Հայության օրերը Իրանում և այլն: Նախատեսվում է նաեւ բժշկական ընկերակցությունների ստեղծում այն երկրներում, որտեղ դրանք դեռեւս չկան,  համատեղ նախապատրաստում Արգենտինայում կայանալիք հայ բժիշկների համաժողովին եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]