Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիահայերի ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում ներկայացվում է գրքով ու լուսանկարչական ցուցահանդեսում

Սիրիահայերի ավանդը  Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում ներկայացվում է 
գրքով ու լուսանկարչական ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատմության թանգարանում մարտի 29-ին տեղի է ունեցել «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և լուսանկարների համանուն խորագրով ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Գերմանիայի կառավարության պատվիրմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչն է:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորեց Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝  ծրագրին աջակելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են՝ անվճար բուժօգնության, կրթության իրավունք, դյուրացված կարգով ՀՀ քաղաքացիության իրավունքի ձեռքբերում, բնակվարձերի փոխհատուցում և այլն, հնարավոր է եղել ՀՀ կառավարության և միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ աշխատանքները կլինեն շարունակական և համակարգված:

Սիրիահայերի միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրից, լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից և հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է  սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը»:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարևորելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը մեր երկրում, ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում, օգտագործում պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվել Հայաստանի գործարար միջավայրին, համալրել ՓՄՁ համայնքը և կյանքի կոչել իրենց գործարար ծրագրերը։ Այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեզ աջակցում են մեր գործընկերները` միջազգային կառույցները, որոնց մեջ կցանկանայի հատուկ առանձնացնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, որն  իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» չափազանց կարևոր և արդիական ծրագիրը։ Օգտվելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հանտնել GIZ-ին արդյունավետ գործակցության համար», - իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սիրիահայերը կարող են օրինակ ծառայել այլ սփյուռքի մնացած ներկայացուցիչների համար, որոնք, տեսնելով նրանց ոգևորությունն ու եռանդը, նույնպես կինտեգրվեն և կհաստատվեն Հայաստանում:

Խոսելով ՀՀ-ում սիրիահայերի համայնքի անունից՝ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն ասաց. ««ՎԵՐՍԿԻԶԲ» գիրքը շոշափելի ապացույց է առ այն, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած հայերը կարողացան սկսել և վերսկսել իրենց բիզնեսները իրենց հայրենիքում: Այս առումով գիրքը կարող է ոգևորել այլոց՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել իրենց հայրենիքում»։

Ներկայացնելով «ՎԵՐՍԿԻԶԲ» գրքի հիմնական գաղափարը՝ ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գերմանիայի դեսպանին՝ գրքի համար նախաբան տրամադրելու համար:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիդկ են, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետևելու իրենց օրինակին»,- հավելեց ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավարը:

Հանդիսավոր բացումից հետո լուսանկարները ցուցադրվելու են «Երևան Մոլ»-ում` մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը, և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]