1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աղետների կառավարման ՀՀ անձնակազմը լիարժեք է ցուցաբերել գործնական գիտելիքները միջազգային վարժանքի ընթացքում

Աղետների կառավարման ՀՀ անձնակազմը լիարժեք է ցուցաբերել գործնական 
գիտելիքները միջազգային վարժանքի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 28-29-ը կայացել է «Արձագանքում միջազգային օգնության հայտին» թեմայով շտաբային վարժանք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ուսումնավարժանքին մասնակցում էին ծրագրի 6 անդամ երկրները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը, ինչպես նաև` Չեխիան, Դանիան և Ռումինիան:

Ուսումնավարժանքի նպատակն էր բարձրացնել արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը` աղետների կառավարման ոլորտում:

Շտաբային վարժանքի բոլոր մասնակից երկրներում ներկա էին փորձագետներ, որոնց խնդիրն էր համակարգել և վերահսկել կատարվող աշխատանքները: Հայաստանում աշխատանքները համակարգում էր փորձագետ, աղետների կառավարման խորհրդատու Ալեն Փիլոուն (Մեծ Բրիտանիա):

Ամփոփելով վարժանքը` փորձագետը նշեց, որ մեծապես տպավորված է հայկական թիմի արհեստավարժությամբ և կազմակերպվածությամբ: «Աղետների կառավարման հայաստանյան անձնակազմը կարողացավ լիարժեք ցուցաբերել իր գործնական գիտելիքները»,-ասաց փորձագետը՝ ողջունելով և բարձր գնահատելով հայկական կողմի նախաձեռնողականությունը:

PPRD East 2 ծրագրի շրջանակներում մասնակից երկրների փրկարարները բազմիցս կատարելագործել են իրենց հմտություններն ու կարողությունները` պատրաստ լինելով արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում: Այս շտաբային վարժանքը տեսական հատվածն էր, իսկ արդեն լայնածավալ դաշտային ուսումնավարժանքը կկայանա ս. թ. սեպտեմբերի 16-17-ը: 

«Արմենպրես»-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Բնական աղետները կարող են հարվածել ամենուր, ցանկացած ժամանակ: Նույնիսկ ամենալավ պատրաստված երկիրը կարող է բացահայտել, որ իր սեփական փրկարար ծառայություններն ի վիճակի չեն հաղթահարել իրավիճակը և օգնության կարիք ունեն այլ երկրներից: Եվրոպական միությունը մշակել է աղետների միջազգային արձագանքումը հեշտացնելու մի մեխանիզմ : 2017 թ մարտի 28-29-ին, այդ մեխանիզմը փորձարկվեց որոշումների կայացման վարժանքի ընթացքում, որը տեղի էր ունենում միաժամանակ Արևելյան Եվրոպայի վեց գործընկեր երկրներում, երեք ԵՄ անդամ երկրներում եւ ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնում:

Միջազգային փրկարարական թիմերի ժամանումն աղետի վայր հաճախ ցուցադրվում է լուրերով: Սակայն, լրատվական հաղորդումները երբեք ցույց չեն տալիս այն ինտենսիվ միջազգային համակարգումը, տեղեկատվության փոխանակումը, և որոշումների կայացումը բազմաթիվ մայրաքաղաքներում, որը տեղի է ունենում նախքան թիմերի փաստացի պատվիրակումը: Որպես ԵՄ-MOLDEX 2017 անվանվող միջազգային վարժանքի 1-ին Մաս, այդ որոշումների կայացումը փորձարկվել է 2017 թ. մարտի 28-29-ին կա:յացած ուսումնավարժանքի միջոցով: Վարժանքը սկսելու համար, ահազանգող հաղորդագրությամբ հայտարարվեց ուժգին երկրաշարժի մասին, որը վնասել է Մոլդովայի որոշ շրջաններ: Մոլդովայի Բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունը որոշեց, որ միջազգային օգնություն է հարկավոր, և Ճգնաժամային արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնն աջակցություն ստանալու հարցում ուղարկեց Բրյուսելում գտնվող ԵՄ Արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգման կենտրոն: Բրյուսելն անմիջապես կապվեց վարժանքին մասնակցող երկրների՝ Հայաստանի,Ադրբեջանի, Բելառուսի, Չեխիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի մայրաքաղաքների հետ: Այդ երկրներից յուրաքանչյուրում, որոշում կայացնող անձինք հավաքվել էին Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոններում և դիտարկեցին աջակցելու խնդրանքը: Աջակցության առաջարկներ արվեցին, առաջարկները համակարգվում էին Բրյուսելի կողմից, Մոլդովան որոշեց, թե որ առաջարկներն ընդունի, և, ընդունող երկրի աջակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին առաջարկող երկրների և Մոլդովայի միջև:

«1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո չկար միջազգային օգնության պատշաճ համակարգում, - ասում է Մուշեղ Ղազարյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը և PPRD East 2 Ղեկավար կոմիտեի անդամը: - Այս վարժանքը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը երկար ճանապարհ է անցել 1988 թ-ից ի վեր: Մենք երախտապարտ ենք ԵՄ-ին՝ վարժանքը կազմակերպելու և, որպես միջազգային համակարգման կատալիզատոր ծառայելու համար»:

ԵՄ MOLDEX 2017 վարժանքի երկրորդ մասը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերին, երբ հինգ այլ գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, և Ուկրաինայի փրկարարական թիմեր կաջակցեն Մոլդովային: Նրանք կհամալրվեն երեք ԵՄ անդամ պետություններից թիմերով՝ Չեխիայի Հանրապետությունից, Դանիայից և Ռումինիայից:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 2) Ծրագրի նպատակն է՝ նպաստել Արևելյան գործընկեր երկրների խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը: Այն նաև միտված է պաշտպանելու տարածաշրջանի շրջակա միջավայրը, բնակչությունը, մշակութային ժառանգությունը, ռեսուրսները և ենթակառուցվածքները՝ ամրապնդելով երկրների դիմակայելու ճկունությունը, պատրաստվածությունը և արձագանքումը տեխնածին և տարերային վտանգների հետևանքով առաջացած աղետների նկատմամբ:

PPRD East 2 Ծրագիրը նպաստում է աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը ազգային մակարդակով Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Այն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցությունը Գործընկեր երկրների միջև, և Գործընկեր երկրներին աստիճանաբար ավելի մոտեցնում է ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմին: Ծրագրի տևողությունը 4 տարի է, € 5.5 միլիոն բյուջեով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]