Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտրապայքարում ներգրավված թեկնածուները չկողմնորոշվածություն են նկատում ընտրողների շրջանում

Ընտրապայքարում ներգրավված թեկնածուները չկողմնորոշվածություն են նկատում 
ընտրողների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրապայքարում ներգրավված թեկնածուները քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը միանշանակ չեն գնահատում: Մարտի 29-ին տեղի ունեցած ասուլիսում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Նարեկ Սարգսյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության թեկնածու Անահիտ Հարությունյանը և «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանը նկատեցին, որ մարդկանց մի մասը գնում է  ընտրությունների վստահ լինելով, որ իր քվեն վճռորոշ է, իսկ մյուս մասն էլ հիասթափված է:
«Կարող եմ ասել, որ կա ինչ-որ զանգված, որը վստահում է և պատրաստ է պայքարելու, և կա զանգված, որն ունի անվստահություն: Սակայն մենք կարևորում ենք զուտ ընտրական գործընթացի մասին խոսելը: Այս պրոցեսին պետք է ավելի շուտ անդրադառնայինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածուն:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության թեկնածու Անահիտ Հարությունյանն իր հույսը կապում է ավելի շատ երիտասարդության հետ: «Տեսնում եմ, որ երիտասարդներն ունեն ծրագրեր, երազանքներ և շատ բան են կապում իրենց հայրենիքի հետ հենց այսօր: Միջին տարիքի և ավելի տարեց սերնդի մոտ տեսնում եմ անտարբերություն, որն ամենավատն է: Ես չեմ կարող այդ մարդկանց մեղադրել: Վերջին տարիներին մարդուն դրդում են, որպեսզի նա բացասական տրամադրվի»,- ասաց պատգամավորության թեկնածուն: Նրա խոսքով՝ քաղաքական ցանկացած ուժ կարող է գրել ծրագիր, բայց կարևորը ծրագրի կյանքի կոչվելն է:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը փաստում է՝ արցախյան հիմնահարցի վերաբերյալ իրենց առաջարկած ծրագրի շուրջ հասարակության արձագանքն իրականում տարբերվում է քաղաքագետների արձագանքից: «Թեև հող հանձնելու մասին բացարձակապես խոսք չկա, մենք գիտենք, որ ժողովրդի, լրագրողների կամ քաղաքագետների մի հատված մեր խոսքերը խեղաթյուրելու են: Դաշնակցությունը, որն ինքն իրեն համարում է հողերը պահող և հայրենասիրական կուսակցություն, այսօրվա մադրիդյան սկզբունքներով առաջ քաշված Ղարաբաղի հարցի լուծման մասնակիցն է: Մենք դրա մասին բաց խոսում ենք, բայց այն մարդիկ, ովքեր այսօր այդ բանակցությունները տանում են, իրենք դրա մասին բաց չեն խոսում: Մենք պարզ ասում ենք, որ գոյություն ունի բանակցություն, և Հայաստանի շահերից բխում է որոշ տարածքների  վերադարձի դիմաց կնքել խաղաղության պայմանագիր: Դա հնարավոր լավագույն տարբերակն է, այլ ոչ թե մեր ցանկությունը»,- եզրափակեց նա:
Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու է մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Նոռա Գրիգորյան

Մարիամ Բաբայան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]