Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արագացված կարգով վարույթ ընդունված ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այն մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը կատարվել է փաստաբանական խմբի կողմից՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից:

«Եվրոպական դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գործը քննվում է սովորական կարգով, ապա այն կարող է տևել մինչև 10-ը և ավելի տարիներ: Իսկ արագացված կարգով ընդունելու դեպքում ժամանակի առումով այն ավելի կարճ կլինի, բայց ոչ, ասենք, մի քանի ամիս: Ընթացակարգը հետևյալն է՝ նախ գործը ուղարկվում է պատասխանող կողմի կառավարությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին, և տրվում է բավական երկար ժամանակ, որպեսզի պատասխանատու կողմը ներկայացնի իր պատասխանը: Հետո ուղարկվում է դիմողներին՝ մեկնաբանելու պատասխանող կողմի պատասխանը և ներկայացնելու արդարացի փոխհատուցման վերաբերյալ իր պահանջները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մելիքյանը և հավելել, որ հետո նորից է ուղարկվում պատասխանող պետությանը, դրանից հետո՝ որոշակի ժամանակ անց, կայացվում է վճիռը:

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով, Եվրոպական դատարանում, ընդհանուր առմամբ, դա է ամենապարզ ձևով ներկայացված ընթացակարգը, բայց հաճախ լինում է նաև, երբ այդ մեխանիզմն անցնում է ևս մեկ շրջան:

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ն սկսել է ապրիլի 2-ին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ 23 գործի քննություն:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ