Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին

ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային 
ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում շարունակվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը:

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը» խորագրով անցկացվող ԱՊՀ ՄԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ համատեղ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:

Համաժողովը վարել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Համաժողովին ներկա են գտնվել ԱՊՀ, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ մասնակից պետությունների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած գիտնականներ եւ փորձագետներ:

Լիագումար նիստում ելույթներ են ունեցել համանախագահները, իսկ զեկույցներով հանդես են եկել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Միջերկրական խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ռոքեն, ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Մոգենս Յենսենը, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Մասնակիցները կարեւորել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միասնական ջանքերի կիրառումը եւ համապատասխան իրավական դաշտի կատարելագործումը: Համանախագահները կոչ են արել կիրառել միջխորհրդարանական հնարավորությունները, ինչպես նաեւ վարել կառուցողական համագործակցություն` հանուն խաղաղության: Ըստ բանախոսների՝ խորհրդարանականները պետք է վճռական եւ անզիջում դատապարտեն ահաբեկչական բոլոր գործողությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի կարեւորությունը:

Համաժողովն ընդունել է փաստաթուղթ, որում մասնավորապես նշված է. «Մենք վճռական ենք տրամադրված՝ միավորելու մեր ջանքերը ահաբեկիչների անմարդկային եւ սահմաններ չճանաչող հանցավոր գործունեության դեմ պայքարում:

Ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր է հաղթանակել` հիմնվելով միմիայն մեր սկզբունքների վրա, որոնց հիմքն են խաղաղության պահպանումը, ազատությունը, հավասարությունը, արդարությունը, քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը. այն, ինչը նախատեսված է միջազգային պարտավորություններով»:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Հարավային Կորեայի խորհրդարանական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խորհրդարանների հարաբերություններին, միջազգային հարթակներում, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]