Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մասիսում կառուցվելիք սպորտային համալիրը կխթանի քաղաքի մշակութային և հասարակական կյանքը

Մասիսում  կառուցվելիք սպորտային համալիրը կխթանի քաղաքի մշակութային և 
հասարակական կյանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարի անց  Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելուների առջև դռները կբացի նոր սպորտային համալիրը, որն ունենալու է մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Մարտի 28-ին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ մարզական ժամանակակից համալիրի ստեղծումը ևս մեկ քայլ է քաղաքի կյանքի որակի բարելավման համար: «Մենք մեծ հաճույքով ենք աջակցում Մասիսի երեխաներին և երիտասարդությանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Նոր մարզահրապարակը հնարավորություն կտա նրանց ազատ ժամանակը դարձնել և հետաքրքիր, և օգտակար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քաղաքապետը` ընդգծելով, որ Մասիսի քաղաքապետարանը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի «Ադիբեկյան ընտանիք զարգացման հիմնադրամ» բարեգործական կազմակերպությանը սպորտային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքում:

Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ սպորտային համալիրի կառուցման ծրագիրը իրականացվելու է երկու փուլով և ավարտվելու է 2018թ-ին: «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, ֆինանսավորվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին, իսկ պատվիրատուն է Մասիսի զարգացման հիմնադրամը:  Համալիրը կառուցվելու է Մասիսի զարգացման հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 2.550քմ մակերեսով հողատարածքի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախագիծը ներառում է լոգարաններով հանդերձարաններ և սրճարան, որը կդառնա հանդիպումների, քննարկումների և հաղորդակցման հաճելի վայր: Համալիրին հարող տարածքում նախատեսվում է հիմնել բնակիչների համար կանաչապատ պուրակ` հարմարավետ նստարաններով: Մարզահամալիրը նախագծված է ունիվերսալ դիզայնի և հարմարավետ միջավայրի սկզբունքով, հագեցած է հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Սպորտային համալիրը կդառնա առաջին ընտանեկան-հասարակական, սպորտային և ժամանցային կենտրոնը Մասիս քաղաքում: Համալիրի կառուցման նախագիծը նպատակաուղղված է խթանելու քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացումը` այդ գործում համախմբելով քաղաքի բոլոր սերունդների ներկայացուցիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]