Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուն առաջարկում է վերացնել 12-ամյա կրթական համակարգը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուն առաջարկում է վերացնել 12-ամյա 
կրթական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Թերեզա Սարգսյանի նախընտրական ծրագրում կրթության ոլորտի առաջնային անելիքներից են դասագրքերի որակի բարձրացման և 12-ամյա կրթական համակարգի վերացման հարցերը: «Մեր միջնակարգ տասնամյա կրթությունը լիովին բավարար էր եւ նույնիսկ գերազանցում էր այսօրվա մագիստրոսական կրթությանը»,- մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով իրենց ծրագրերը, ասաց դաշինքի պատգամավորության թեկնածուն: Բայց ոլորտին վերաբերող մնացած փոփոխությունների մասին Թերեզա Սարգսյանը նախընտրեց լռել, քանի որ, ինչպես ասաց նա` ինքը գործի մարդ է:

Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, Սարգսյանի խոսքով, նրանք խոստանում են նորաստեղծ ընտանիքներին հատկացնել միանվագ 700 հազար դրամ, կրկնապատկել թոշակները եւ նպաստները եւ նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ: Լրագրողների այն հարցին, թե բյուջետային տեսանկյունից ինչպե՞ս է պատկերացնում այս ծրագրերի իրականացումը, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Մեր առաջնորդները երկխոսություն ունեն սփյուռքահայության հետ, որոնք ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց երկիր եւ մեծ գումարներ շրջանառության մեջ դնել»: Իրենց ծրագրում նրանք նաեւ նախատեսում են դուրս բերել ստվերում աշխատող գործարարներին, զարգացնել, ըստ դաշինքի, նախնադարյան մակարդակի հասցված գյուղատնտեսությունը: «Մեր կլիման շատ բազմազան է. հունվարին մեր երկրում կան ծաղիկներով լեցուն, իսկ հուլիսին` ձյունածածկ տարածքներ: Մեր կլիմայի ընձեռած հնարավորություններով մենք կարող են 5-10 տարում կերակրել հինգ-տասը միլիոն մարդու եւ այսպիսով լուծել նաև աշխատատեղերի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց թեկնածուն:

Թերեզա Սարգսյանը դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ մեկ ընտրատարածքում: Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու է մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Լիանա Անդրեյան

Լուսինե Թադեւոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]