Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խարազյանցիները նշեցին թատրոնի միջազգային օրը

Խարազյանցիները նշեցին թատրոնի միջազգային օրը

 

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Թատրոնի օրը թատրոնի մարդկանց տոնն է. սա դերասանների, բեմադրիչների, պրոդյուսերների, թատրոնի լուսային- ձայնային օպերատորների, դեկորացիայի մասնագետների եւ անգամ տոմսավաճառների եւ հանդերձապահների օրն է: Թատրոնի բնօրրան, պատմական Արտաշատում Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը նշվեց մեծ խանդավառությամբ եւ ուրախությամբ: Օրվա կապակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վաստակաշատ դերասան, շնորհաշատ Սամվել Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվեց Ոսկե մեդալով, իսկ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար արժանացավ պատվոգրի:  Խարազյանցիներին շնորհավորել է նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով իր շնորհավորական ուղերձում նշել է. «Այսօր էլ Արտաշատի թատրոնի շնորհալի եւ վաստակաշատ նվիրյալներ շարունակում են նպաստել հանդիսատեսի մշակութային եւ բարոյահոգեւոր կրթությանն ու դաստիարակությանը: Բարձր գնահատելով Ձեր բոլորի մեծ ներդրումն ու անձնվել աշխատանքը ՝ մաղթում եմ Ձեզ խաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական հաջողություններ, եւ հանդիսատեսի չընդհադվող ծափողջյուններ»:Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նա իր խոսքում մասնավորապես նշել է. «Ավելի քան ութ տասնամյակների ընթացքում դուք բարձր եք պահել հայ թատրոնին ծառայելու Ձեր դժվարին, բայց շնորհակալ առաքելությունը:  Ինչպես միշտ՝ հետայսու եւս, թող Ամո Խարազյանի անունը կրող թատրոնի դռները միշտ բաց լինեն թատերասեր հանդիսատեսի առջեւ, եւ նրանց ջերմ ու երկարատեւ ծափերը դառնան Ձեր լավագույն դերակատարումների ոգեւորիչն ու վարձատրությունը »: Թատրոնի անձնակազմին այսօր յուրահատուկ ուշադրության են արժանացրել «ՎՏԲ» բանկի Արտաշատի մասնաճյուղի աշխատողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թատրոնի կոլեկտիվի հետ այսօր հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն ասաց. «Ճիշտ է այս տարի դժբախտաբար, վերանորոգման հետ կապված մեր դռները բաց չեն հանդիսատեսի առջեւ, սակայն, այն շնորհավորական զանգերը, որ ստացել եմ՝ ի դեմս Ձեզ, հասկացել եմ, որ հանդիսատեսը մեզ կարոտել է, որ սպասում է մեզ: Տա Աստված, որ մեր դռները շուտով բացվեն, հանդիսատեսը կրկին մեզ տեսնի բեմում, գնահատի նրանց աշխատանքը, ովքեր դերասանի համար բեմ դուրս գալու հնարավորություն են ստեղծում»: Իր խոսքում նա շնորհավորելով գեղարվեստական ղեկավարին, բոլոր դերասաններին, նշեց, որ բոլորն են  արժանի բարձր կոչումների, նրանք արժանի են հանդիսատեսի այն ջերմ ծափողջյուններին, որոնք լավագույն կոչումն են շնորհում եւ ամնալավագույն վարձատրությունն են: «Բոլորիս եմ շնորհավորում: Թատրոնը մեկով չէ, թատրոնը բռունցք է, հավաքական ուժ, որի մեջ յուրաքանչյուրս մեր տեղն ու դերն ունենք: Եվ թող որ մենք կարողանանք դեռ երկար տասնամյակներ ու հարյուրամյակներ բաց պահել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դռները»,- եզրափակեց իր խոսքը Սայադյանը: Վերջին տարիներին թատրոնի դերասանական կազմը համալրվել է շնորհալի եւ տաղանդաշատ երիտասարդներով: Դերասաններից 20-ից 5-ն ավագ սերնդի ներկայացուցիչներ են: Արտիստներից չորսը վաստակավոր դերասաններ են. Գագիկ Սարգսյան, Գրետա Գալստյան, Բագրատ Գեւորգյանը, Վլադիմիր Հովհաննիսյան: Նրանք թատրոնի հիմնասյուներն են, որոնք յուրաքանչյուր օր երիտասարդներին են հաղորդում իրենց փորձը, վաստակը: Առանց նրանց դժվար է պատկերացնել Արտաշատի թատրոնը: Հանդիսատեսը սովոր է մշտապես նրանց տեսնել: Թատրոնում մեծ է նաեւ գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանի դերը:  Թատրոնն այսօր ունի հրաշալի, համախմբված դերասանական «կորիզ», որը հաղթահարում է ցանկացած բարդ ու դժվարըմբռնելի տեսարան: Որպես մարզային մշակութային օջախ, այսօր Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Յուրաքանչյուր տարի խաղում են ավելի քան 70 ներկայացում: Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում է թատրոնի խաղացանկը` բեմադրվում նոր ներկայացումներ կամ վերականգնվում հին, սիրված ներկայացումները: Յուրաքանչյուր տարի հանդիսատեսի դատին է հանձնվում 3-4 պրեմիերա: Նախորդ տարի թատրոնի անձնակազմը խաղացել է ութ անուն ներկայացում:  
Լիլիթ Մաճկալյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]