Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի կազմակերպած հանդիպմանը փոքրիկ շախմատասերները մրցեցին գրոսմայստերների հետ

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի կազմակերպած հանդիպմանը փոքրիկ 
շախմատասերները մրցեցին գրոսմայստերների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրիկ շախմատասերներին ընձեռված հնարավորությունը՝ խաղալ հայ գրոսմայստերների հետ, կոգևորի նրանց, իսկ ոմանց էլ կուղղորդի հետագա մասնագիտության ընտրության հարցում: Այս կարծիքին էին շախմատի հայ գրոսմայստերները, ովքեր ներկա էին մարտի 26-ին Աշտարակ քաղաքում պատգամավորության թեկնածու, Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի կազմակերպած միջոցառում-հանդիպմանը:

«Սա ընդամենը միջոցառումներից մեկն էր, որ որոշեցինք կազմակերպել: Քանի որ ես՝ ինքս,  շախմատիստ եմ եւ իմ կյանքն էլ անցել է շախմատի մեջ, որոշեցինք հանդիպել Արագածոտնի մարզի շախմատասերների հետ, այսպես անմիջական կերպով ու շախմատի միջոցով շփվել մեր բնակիչների հետ: Երեխաները շատ լավ հնարավորություն ունեցան հանդիպելու մեր հանրաճանաչ գրոսմայստերներին: Ինքս էլ ոգեւորվում եմ, երբ տեսնում եմ այս հիացմունքը երեխաների մոտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լիլիթ Մկրտչյանը:

Մինչ շախմատիստների գալը երեխաները բուռն կերպով քննարկում էին՝ ինչպես պետք է խաղան եւ թե ինչ քայլերով կարելի է հաղթանակ տանել: Չնայած պարտություններին՝ փոքրիկները չէին ընկճվում,այլ հակառակը՝ ավելի հիացմունքով էին հետեւում մյուսների խաղին:

«Ես խաղում էի Էլինա Դանիելյանի հետ: Սխալ խաղացի, սպասվող մատը չտեսա եւ ուրիշ քայլ արեցի ու պարտվեցի: Ես միշտ երազել եմ խաղալ չեմպիոնի հետ: Դպրոցից դուրս գնում եմ շախմատի պարապմունքի ու, երբ մեծանամ, դառնալու եմ շախմատիստուհի»,- ասաց փոքրիկներից մեկը:

Գրոսմայստերներից յուրաքանչյուրը, ով խաղաց տասնյակից ավելի անձանց հետ, ուրախ էր նրանց մեջ ոգեւորություն մտցնելու համար: «Գաղափարը լավն էր: Երեխաները սովորում են դպրոցներում շախմատ, բայց հնարավորություն չեն ունենում խաղալու մրցաշարերում: Սա հնարավորություն է, քանի որ նրանք թե՛ շախմատ կխաղան եւ թե՛ ավելի լավ կճանաչեն Լիլիթ Մկրտչյանին: Ես նկատեցի, որ բոլորն էլ ուրախ եւ ոգեւորված են: Հնարավոր է՝ սա ավելի ոգեւորի նրանց եւ սերը դեպի շախմատ ավելի մեծացնի»,- ասաց Հայաստանի շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանը:

Գրոսմայստեր, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն էլ հիշեց իր մանկությունը.  «Ես էլ նրանց տարիքում, երբ խաղում էի ուժեղ շախմատիստների հետ, ոգեւորված էի լինում ու պատկերացնում եմ՝ ինչպիսի զգացողություն է նրանց համար խաղալ մեզ հետ»:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես պատգամավորական թեկնածու: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի հինգից և կավարտվի մարտի 31-ին: Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին:

Լուսինե Թադեւոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]