Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ներկայացրեց Գյումրու զարգացման տեսլականը՝ 40-45 մլն դոլարի ներդրում, ավելի քան 30 ծրագիր, 2 հազ. աշխատատեղ

Կարեն Կարապետյանը ներկայացրեց Գյումրու զարգացման տեսլականը՝ 40-45 մլն 
դոլարի ներդրում, ավելի քան 30 ծրագիր, 2 հազ. աշխատատեղ

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանարպետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 26-ին  Շիրակի մարզում էին: Նախ մարզի հեռավոր Աշոցքում ու Ամասիայում  Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ ընտրողներին ներկայացրեց  ՀՀԿ նախընտրական ծրագրի մանրամասներն, ապա  նրա գլխավորած պատվիրակությունը շարժվեց Գյումրի, որտեղ նախ շրջայց կատարեց «Սաստեքս» ընկերությունում, ծանոթացավ շինարարության ընթացքին  ու խնդիրներին, ապա եղավ նաև «Օհունջյան» վարժարանին կից բացված «Վարդուհի»  արվեստի դպրոցում, ծանոթացավ դպրոցի  գործուներությանը,  ապա  նաև տարածքում կառուցվող արհեստի դպրոցի շինարարական աշխատանքներին:  Ավելի ուշ Կարեն Կարապետյանը Գյումրու «Թատերական» հրապարակում հանդիպեց գյումրեցիների հետ:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով՝  կուսակցությունն ունի ձևավորված տնտեսական զարգացման հստակ ծրագիր: Անցած վեց ամիսների ընթացքում ախտորոշվել են բոլոր այն խնդիրները, որոնք կանգնած են տնտեսության յուրաքանչյուր ճյուղի առջև:  «Մենք  ձևակերպել ենք այն տեսլականը, թե ինչպես պետք է գնանք առաջ: Ինչ որ նշված է ծրագրում՝ դրա համար պատասխան ենք տալու: Կար  կարծրացած  մի  միտք, թե ՀՀ-ում ներդրում  անելն  անհնար է, ներդրում անողը շահույթ չի կարող ստանալ և այլն: Մենք հանրությանը ներկայացրել ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: 830 մլն դոլարը ներդրվելու է այս տարի: Այդ ծրգրերը բաժանվել են ըստ ոլորտների, և ըստ մարզերի:   Վստահ եղեք, որ ինչ հայտարարել ենք՝ միանշանակ իրականացնելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Կարեն Կարապետյանը՝  փաստելով, որ արդյունավետության պակաս կա, ինչը կվերանա, եթե բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացվեն: 

Վարչապետի  խոսքով՝  2017-ը հայտարարվել է ախտորոշման, կառավարման համակարգի բարեփոխումների, սանիտարիզացիայի և կայունացման տարի. «Եթե այս գործառույթները կատարենք, ունենալու ենք հստակ, անընդմեջ կայուն և առողջ աճ: Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել»։

Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը խոսեց նաև ըստ ոլորտների նախատեսվող ծրագրերի ու բարեփոխումների մասին, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքի վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը առանձնացրեց նաև Գյումրիում կատարվածն ու կատարվելիքը՝  օդանավակայանի վերագործարկում, «Սաստեքս»-ի մուտք, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Տեխնոլոգիական կենտրոն», «Կումայրի» կենտրոնի վերականգնում և այլն: «Այս տարի Գյումրիում լինելու է 40-45 մլն դոլարի ներդրում, ավելի քան 30 ծրագիր՝  2 հազար աշխատատեղով»,-նշեց Կարեն Կարապետյանը՝ չհերքելով, որ ամեն դեպքում դեռ շատ անելիքներ կան Գյումրիում:

ՀՀԿ առաջին փոխնախագահը խորհուրդ տվեց  բնակիչներին լինել ակտիվ, ապրիլի 2-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և ընտրությունը. «Յուրաքանչյուրիս վաղվա օրը մեր ձեռքում է: Մենք մեր երկիրը, մեր համայնքը կարող ենք կառուցել: Դուք պետք է որոշեք՝ ում եք վստահում ձեր երեխայի վաղվա օրը, ում եք ուզում, որ ձեր երկիրը ներկայացնի, կրթությունը փոխի, բիզնեսը զարգացնի և այլն: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի տակ ենք մեր գլուխը դնում: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն ու պատասխան տանք», - հայտարարեց  Կարեն Կարապետյանը։

Արմենուհի Մխոյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]