1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պինկաս Ցուկերմանի ջութակի մեղեդիներով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումը

Պինկաս Ցուկերմանի ջութակի մեղեդիներով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» 
փառատոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացման հանդիսավոր արարողությանը` մարտի  26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում,  համերգային ծրագրով հանդես կգա լեգենդար  ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր  Պինկաս Ցուկերմանը: Կայանալիք համերգի և այլ հարցերի շուրջ երաժիշտն ու փառատոնի կազմակերպիչները զրուցեցին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր երկրի պատմության մեջ սա նշանավոր և հեղինակավոր փառատոն է, որը միշտ բարձր է պահել իր նշաձողը: Քիչ փառատոներ կան, որոնց շրջանակում Ցուկերմանի նման երաժիշտներ են ելույթ ունենում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Նրա խոսքով` Պինկաս Ցուկերմանն իրական լեգենդ է և իրենք շատ ոգևորված են, որ նա Հայաստանում է:

Նախկինում երաժիշտը փառատոնի շրջանակում հանդես եկել է Երևանում  «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբերի հետ:

Այս անգամ նա ելույթ կունենա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ջութակահարն ասաց, որ ինքը սիրով է գալիս Հայաստան: «Ցանկանում եմ ընդգծել, որ երեք տարի սովորել եմ Իվան Գալամյանի մոտ, ով կարողանում էր ամենաբարդ բաները պարզ բացատրել և հսկայական գիտելիքներ փոխանցել իր սաներին: Ներկայում ես եմ շարունակում այդ ավանդույթները` իմ աշակերտներին փոխանցելով գիտելիքներս»,-ասաց նա:

Պինկաս Ցուկերմանը նվագել է հայազգի 15-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանի հետ իր իսկ կողմից ղեկավարվող Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի Կադոգան համերգասրահում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակող «Քեզ հետ, Հայաստան» համերգին:

Անդրադառնալով դրան` Ցուկերմանը շեշտեց, որ երաժշտությունը սպեղանի է ցանկացած դեպում: «Երբ մենք ցավ ենք ապրում, դիմում ենք կրոնին ու երաժշտությանը»,-ասաց նա:

Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ և այլ հեղինակավոր երաժիշտներ:

Պինկաս Ցուկերմանը ծնվել է 1948 թվականին Թել-Ավիվում: Ուսանել է Ջուլիարդի դպրոցում` անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ: Որպես մենակատար նվագել է բազմաթիվ հեղինակավոր խմբերի հետ:

Նա 21 անգամ եղել է Գրեմիի մրցանակի թեկնածու և երկու անգամ մրցանակակիր: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինկաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: Կանադայում հիմնադրել է նվագախմբային հետազոտությունների NAC և ամառային երաժշտական ինստիտուտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]